ջոնաթան լիվինգսթոն ճայը

Առավոտ էր, ծագող արեւը ոսկեշողում էր հանդարտ ծովի մեղմ ծփանքում։ Ափից մի մղոն հեռավորության վրա ինչ֊որ ձկնորսանավ ակոսեց ջուրը, եւ Նախաճաշող Երամի ճիչը ակնթարթորեն ծակեց օդը, մինչ հազարավոր ճայերի ամբոխը կխռնվեր այնտեղ՝ ճարպկորեն իրար խաբս տալու ու գզվռտվելու կերակրի կտորտանքի համար։ Սկսվում էր եւս մի հոգսաշատ օր։

Հեռվում, ձկնորսանավից ու ափից անդին, միայնակ ու ինքնամոռաց մարզվում էր Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը։ Հարյուր ոտնաչափ բարձրության վրա նա իջեցրեց թաղանթավոր թաթերը, բարձրացրեց կտուցը եւ լարվեց՝ թեւերը ոլորուն կորագծի դժվարին, ցավեցնող դիրքում պահելու համար։ Այդ կլոր դիրքը նշանակում էր, որ թռչելու էր դանդաղ, եւ հիմա նա դանդաղեցնում էր այնքան, մինչեւ որ քամին շոյում էր դեմքը, մինչեւ օվկիանոսը հանդարտվում էր ցածում։ Ուժեղ կենտրոնացումից նա աչքերը կկոցեց, շունչը պահեց, ճիգ գործադրեց՝ մեկ… Էլի մի անգամ… քիչ էլ… մի մատնաչափ եւ… նորից… կորագիծ… Նրա փետուրները ցնցվեցին, նա կանգ առավ եւ ընկավ։

Ճայերն, ինչպես գիտեք, երբեք չեն երերում եւ երբեք կանգ չեն առնում։ Օդում կանգ առնելը նրանց համար ամոթ է ու խայտառակություն։

Բայց Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը չէր ամաչում, այլ կրկին լարում էր թեւերը՝ պահելով դրանք կորագծի դժվարին, դողացող դիրքում, դանդաղում էր, ավելի դանդաղում եւ նորից կանգ առնում․ նա սովորական թռչուն չէր։

Ճայերի մեծ մասի մտքով իսկ չի անցնում սովորել ավելին, քան թռիչքի ամենապարզունակ գործողությունը՝ ափից մինչեւ կերը հասնելն ու վերադառնալը։ Ճայերի մեծ մասի համար էականը թռիչքը չէ, այլ կերը։ Իսկ այս ճայի համար էականը կերը չէր, այլ՝ թռիչքը։ Աշխարհում ամեն ինչից ավելի Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը թռչել էր սիրում։

Նա գտնում էր, որ այս մտածելակերն իրեն անընդունելի կդարձնի մյուս թռչունների համար։ Նույնիսկ ծնողները ահաբեկված էին, որ Ջոնաթանն ամբողջ օրեր է կորցնում մենության մեջ՝ փորձեր անելով, հարյուրավոր անգամներ սահելով ծովի մակերեվույթի վրայով։

Նա չգիտեր ինչու է այդպես, բայց ծովի մակերեւույթից իր թեւաբացվածքի կեսից ավելի փոքր բարձրությամբ թռչելիս ինքը կարողանում էր ավելի քիչ լարվելով առավել երկար մնալ օդում։ Նրա ճախրանքներն ավարտվում էին ոչ թե սովորական ճողփյունով, այլ երկար ձգվող հետքով, որ իրենց ետեւից գծում էին նրա ոտքերը՝ ծովի մակերեսին շփվելով։ Սկսելով սահասավառնել ու ոտքերն իրեն քաշած վայրէջքի գալով ափում՝ նա շարունակում էր ընթացքը՝ սահքի երկար հետագիծը թողնելով ավազի մեջ։ Նրա ծնողներն իսկապես խիստ ահաբեկված էին։

— Ինչո՞ւ, Ջոն, ինչո՞ւ,— հարցնում էր մայրը,— ինչո՞ւ է բոլորի նման լինելն այդքան դժվար։ Ինչո՞ւ չես կարողանում ապրել ցածր թռչելը ձկնկուլներին ու ալբատրոսներին թողնելով։ Ինչո՞ւ ոչինչ չես ուտում, փետուր ու ոսկոր ես մնացել, որդիս։

— Թող որ փետուր ու ոսկոր դառնամ, մայրիկ, ես ուզում եմ իմանալ, թե ինչ կարող եմ անել օդում եւ ինչ չեմ կարող, ահա եւ բոլորը, ես միայն ուզում եմ իմանալ։

— Լսիր, Ջոնաթան,— ասում էր հայրը ոչ անբարյացակամորեն,— ձմեռն այնքան էլ հեռու չէ, ձկնորսանավեր շատ քիչ կլինեն, իսկ մակերեւույթի ձկները կլողան դեպի ծովի խորքերը։ Եթե անպատճառ ուզում ես սովորել, սովորիր, թե ինչ է կերը եւ ինչպես պիտի այն հայթհայթել։ Թռչելն ընդհանրապես հրաշալի է, բայց, ինքդ էլ գիտես, դրանով չես կշտանա։ Մի մոռացիր նպատակը՝ թռչում ես, որ ուտես։

Ջոնաթանը հնազանդորեն գլխով արեց։ Հաջորդ մի քանի օրերը նա փորձում էր լինել մյուս ճայերի նման, նա իսկապես փորձում էր, բարձր ճչում էր եւ կառանացցերի ու ձկնորսանավերի շուրջը պտտվելով՝ կռվում երամի մյուս ճայերի հետ, ձկան ու հացի փշրանքների համար ջուրը սուզվում, բայց ոչինչ չէր ստացվում։

Որքան անմիտ է այս ամենը, մտածեց նա, այնքան դժվարությամբ որսացած անձրուկը իրեն հետապնդող քաղված ծեր ճային շպրտելով։ Այս ամբողջ ժամանակը ես կարող էի ծախսել թռչել սովորելու վրա, դեռ այնքան բան կա սովորելու։


Կարճ ժամանակ անց Ջոնաթան Ճայը կրկին մենակ էր ծովի հեռուներում՝ քաղցած, երջանիկ, հարցախույզ։

Նա ուսումնասիրում էր թռիչքի արագությունը եւ մարզումների մեկ շաբաթվա ընթացքում այդ մասին ավելին իմացավ, քան ամենաարագընթաց ճայն աշխարհում։

Հազար ոտնաչափ բարձրությունից հնարավորին չափ ուժգին թափահարելով թեւերը՝ նա նետվեց խիստ կտրում խոյաթռիչքի՝ սլանալով դեպի ծովը, եւ հասկացավ, թե ինչու ճայերն այդպիսի հզոր խոյաթռիչքներ չեն գործում։ Վեց վայրկյանի չափ նա թռչում էր ժամում յոթանասուն մղոն արագությամբ, որից թեւերն անհետացել էին շարժման թրթռոցի մեջ։

Ծայրահեղ թրտնաջան աշխատանքով հասնելով իր հնարավորությունների վերջին սահմանին՝ ավելի բարձր արագությամբ թռչելիս նա կորցնում էր կառավարումը։

Նա բարձրանում էր հազար ոտնաչափ, ավելի ուժգին թափ առնում եւ, թափահարելով թեւերը, նետվում ուղղահայաց խոյաթռիչքի։ Վեր թափահարելիս ձախ թեւն ամեն անգամ արգելակվում էր ու նա կտրուկ թավալվում էր դեպի ձախ, ապա, հավասարակշռելով, արգելակվում էր աջը, եւ նա, ասես տենդի մեջ ցնցվելով, խելահեղորեն թավալգլոր տալով պտույտէջք էր գործում դեպի աջ։

Չնայած իր բոլոր ջանքերին, դեպի վեր թեւաթափահարումը չէր ստացվում։ Նա տաս անգամ փորձեց եւ ամեն անգամ, երբ անցնում էր ժամում յոթանասուն մղոն արագությունից, վերածվում էր չկառավարվող փետրագնդի եւ գահավիժում ջրի մեջ։

Ողջ գաղտնիքն այն է, ամբողջովին թրջվելուց հետո վերջապես հասկացավ նա, որ բարձր արագությունների դեպքում հարկավոր է թեւերն անշարժ պահել՝ հասցնել ժամում հիսուն մղոնի, ապա պահել անշարժ։

Երկու հազար ոտնաչափ բարձրության վրա նա նորից փորձեց․ կտուցը ցած պարզած, թեւերն անշարժ տարածած նետվելով խոյաթռիչքի՝ մի րոպե անց նա արդեն գերազանցեց ժամում հիսուն մղոն արագությունը։ Դա հսկայական լարում պահանջեց, բայց նրան հաջողվեց այդ անել։ Սուրալով ժամում իննսուն մղոն արագությամբ՝ տաս վայրկյանի չափ նա գրեթե անտեսանելի էր։ Ջոնաթանը ճայերի թռիչքային արագության համաշխարհային ռեկորդ սահմանեց։

Բայց հաղթանակը կարճ տեւեց։ Հենց որ նա փորձեց դուրս գալ խոյաթռիչքից, հենց փոխեց թեւերի դիրքը, վայրկենապես հայտնվեց անկառավարելիության նույն աղետալի վիճակի մեջ եւ, ժամում իննսուն մղոն արագությամբ թռչելիս մի կողմ շպրտվեց ուժանակի պես։ Ջոնաթան Ճայը չդիմացավ, թավալվեց օդում ու գահավիժեց քարից կոշտ ջրի մեջ։

Արդեն խոր գիշեր էր, երբ նա ուշքի եկավ ու լուսնի լույսով սկսեց լողալ օվկիանոսի մակերեւույթով։ Թեւերը կապարի պես ծանրացած էին, բայց անհաջողության բեռն ավելի ծանր էր նրա թիկունքին։ Հուսահատված, նա ուզում էր, որ այդ բեռն ի զորու լիներ իրեն ծովի հատակը տանելու, եւ այնժամ ամեն ինչ կվերջանար։

Որքան էլ խորն էր սուզվում ջրի մեջ, միեւնույն է, ներսում անընդհատ մի տարօրինակ խուլ ձայն էր հնչում․ «Ելք չկա։ Ես ճայ եմ, իմ կարողությունները սահմանափակ են։ Եթե ես ստեղծված լինեի թռչելու մասին շատ բան իմանալու համար, ապա ուղեղի փոխարեն գլխումս հաշվիչ մեքենա կունենայի։ Եթե ծնված լինեի արագ թռչելու համար, բազեի կարճ թեւեր կունենայի եւ ձկների փոխարեն մկներով կսնվեի։ Հայրս իրավացի էր։ Ես պետք է մոռանամ այս խենթությունը, պետք է թռչեմ տուն՝ Երամի մոտ եւ գոհ լինեմ, որ այնպիսին եմ, ինչպիսին կամ՝ խեղճ, ավելիին անընդունակ ճայ»։

Ձայնը մարեց, եւ Ջոնաթանը հնազանդվեց նրան։ Գիշերով ճայի տեղը ափն է, ու նա երդվեց այսուհետեւ սովորական ճայ լինել։ Այդպես բոլորի համար էլ ավելի լավ կլինի։

Նա հոգնած պոկվեց գիշերային ծովի մթամած ջրերից եւ ուղղվեց դեպի ափ, գոհ, որ սովորել էր ուժերը խնայող ցածր թռիչքներ գործել։

Բայց՝ ոչ, մտածեց նա։ Ես ստեղծվաթ եմ լինելու այնպիսին, ինչպիսին որ էի, օժտված այն ամենով, ինչ արդեն տրված էր ինձ։ Ես ճայ եմ, նման մյուս բոլոր ճայերին, ու նրանց նման էլ պիտի թռչեմ։ Եվ նա մի կերպ բարձրացավ ու դեպի ափ շտապելով սկսեց թեւերը թափահարել։

Մյուս բոլոր երամակիցների նման լինելու այդ որոշումից նա իրեն զարմանալիորեն թեթեւացած զգաց։ Այլեւս չեն լինի այն խոչընդոտները, որ ստիպում էին իրեն սովորել։ Չի լինի պայքար, չի լինի եւ պարտություն։ Պարզապես հրաշալի էր ոչինչ չմտածել ու խավարի միջով սլանալ դեպի առափնյա լույսերը։

— Խավար,— տագնապալի հնչեց խուլ, բեկբեկուն ձայնը,— ճայերը երբեք չեն թռչում խավարում։

Ջոնաթանն ուշադրություն չդարձրեց։ Ինչ հաճելի է, մտածեց նա։ Լուսինն ու աստղերը առկայծում էին ջրում, փոքրիկ փարոսող ցոլքեր սփռելով գիշերվա մեջ, ամեն ինչ այնպես լուռ էր ու խաղաղ…

— Իջիր, ճայերը երբեք չեն թռչում խավարում։ Եթե դու ծնված լինեիր խավարում թռչելու համար, բվի աչքեր կունենայիր, հաշվիչ մեքենա՝ ուղեղի փոխարեն ու բազեի կարճ թեւեր։

Գիշերային մթնում, հարյուր ոտնաչափ բարձրության վրա Ջոնաթան Լիվինգսթոն Ճայի միտքն հանկարծ առկայծեց։ Նրա ընկճվածությունը, նրա բոլոր վճիռները վայրկենապես չքացան։

Կարճ թեւեր, բազեի կարճ թեւեր։

Ահա լուծումը։ Ինչ հիմարն եմ եղել ես․ ողջ պահանջվածը փոքրիկ, շատ փոքրիկ թեւն է, ողջ պահանջվածը թեւերը ծալելն է ու միայն դրանց ծայրերով թռչելը։ Կարճ թեւեր։

Նա երկու հազար ոտնաչափ բարձրացավ գիշերային ծովից եւ, անհաջողության կամ մահվան մասին վայրկյան իսկ չմտածելով, թեւերի լայն մասն ամուր ծալելով կպցրեց մարմնին, միայն թեւածայրերի սուր ու կեռ դաշույնները պարզեց քամուն ու նետվեց ուղղահայաց խոյաթռիչքի։

Քամին հրեշային շաչյունով ոռնում էր նրա շուրջը։ Ժամում յոթանասուն մղոն, իննսուն, հարյուր քսան, ավելի արագ։ Այժմ, երբ նա թռչում էր ժամում հարյուր քառասուն մղոն արագությամբ, թեւերի լարումն ավելի փոքր էր քան նախկին յոթանասունի դեպքում, ու հիմա թեւածայրերի նվազագույն լարումով նա հանգիստ դուրս եկավ խոյաթռիչքից ու լուսնի լույսի տակ գորշ արկի պես սլացավ ալիքների վրայով։

Նա փակեց աչքերը քամուն ընդդեմ եւ խենթացավ ուրախությունից․ ժամում հարյուր քառասուն մղոն եւ՝ առանց կառավարումը կորցնելու։ Եթե երկու հազարի փոխարեն հինգ հազար ոտնաչափ բարձրությունից նետվեմ խոյաթռիչքի, հետաքրքիր է՝ ինչ արագությամբ…

Քիչ առաջվա նրա երդումներն իսպառ մոռացված էին ու հեռու քշված քամու հուժկու թափի հետ։ Դրանց խախտելը նա ամենեւին էլ մեղք չէր համարում։ Այդպիսի վճիռներն այն ճայերի համար են միայն, որոնց բավարարում է շարքային լինելը։ Նրա համար, ում միտքն առնչվում է կատարյալին, նման բաները նշանակություն չունեն։

Լուսաբացին Ջոնաթանը վերսկսեց մարզումները։ Հինգ հազար ոտնաչափ բարձրությունից ծովի կապույտ հարթության մեջ ձկնորսանավերը նրան տաշեղներ էին թվում, Նախաճաշող Երամը՝ պտտվող փոշեհատիկների թեթեւ ամպ։

Նա առույգ էր, հաճույքից փոքր֊ինչ դողահար, հպարտ, որ հաղթահարել է սարսափը։ Նա ծալեց թեւերը, դրանց կարճ, անկյունաձեւ ծայրերը միայն պարզեց ու շեշտակի սլացավ դեպի ծովի հեռուները։ Անցնելով չորս հազար ոտնաչափ, նա հասավ առավելագույն արագության։ Քամին վերածվել էր հնչյունների խիտ, թրթռացող պատի, որին հակառակ ավելի արագ թռչելն այլեւս անկարելի էր։ Այժմ նա շեշտակի ցած էր սուրում ժամում երկու հարյուր տասնչորս մղոն արագությամբ։ Նա լավ գիտեր, որ եթե նման արագությամբ թռչելիս թեւերը հանկարծ բացվեին, ապա ինքը ցրիվ կգար միլիոնավոր մանր կտորների։ Բայց, միեւնույն է, արագությունն ուժ է, արագությունը բերկրանք է, արագությունը կատարյալ գեղեցկություն է։

Հազար ոտնաչափ բարձրությունից թփթփացնելով թեւածայրերն ու լուծվելով ահռելի քամու մեջ, նա սկսեց դուրս գալ խոյաթռիչքից։ Ուղիղ իր դիմաց, արագորեն կրճատվող տարածության մեջ, պտտվում ու մեծանում էին նավն ու ճայամբոխը։

Նա չկարողացավ կանգ առնել, նա չգիտեր անգամ, թե ինչպես կարելի է շրվել նման արագության դեպքում։

Բախումը վայրկենական մահ էր։

Նա փակեց աչքերը։

Դա պատահեց առավոտյան, արեւածագից անմիջապես հետո։ Սուրալով ժամում երկու հարյուր տասներկու մղոն արագությամբ, աչքերը փակ, քամու ու փետուրների խլացուցիչ վժժոցով Ջոնաթան Լիվինգսթոնը Ճայը շեշտակի մխրճվեց Նախաճաշող Երամի մեջ։ Այս անգամ Բախտի Ճայը ժպտաց նրան, եւ ոչ ոք չզոհվեց։

Խոյաթռիչքից դուրս գալու ժամանակ, կտուցը պարզած դեպի երկինք, նա դեռեւս սլանում էր ժամում հարյուր վասթուն մղոն արագությամբ։ Երբ նա ընթացքը դանդաղեցրեց֊հասցրեց ժամում քսան մղոնի եւ վերջապես նորից տարածեց թեւերը, չորս հազար ոտնաչափ բարձրությունից նավը մի փոքրիկ կետ էր թվում ծովում։

Նրա կարծիքով դա հաղթանակ էր՝ ժամում երկու հարյուր տասնչորս մղոն, առավելագույն արագություն ճայի համար։ Դա իսկական հեղաշրջում էր՝ մեծագույն, անկրկնելի պահ Երամի պատմության մեջ եւ մի նոր սկիզբ Ջոնաթանի կյանքում։ Նա միայնակ թռչում֊գնում էր մարզումների եւ, ութ հազար ոտնաչափ բարձրությունից ծալելով թեւերն ու նետվելով խոյաթռիչքների, միանգամից ձեռնամուխ եղավ շրջադարձներ անել սովորելուն։

Նա գիտեր, որ նման ահռելի արագության դեպքում թեւածայրի մեն֊մի փետուրի աննշան շարժումով իսկ կարելի է ողորկ ու կոր աղեղ ստանալ։ Նա վաղուց գիտեր դա, բայց եւ հասկանում էր, որ նման արագության դեպքում մի ավելորդ փետուրի շարժումն իսկ հրացանի գնդակի պես կպտտեցներ իրեն… եւ, այնուամենայնիվ, Ջոնաթանն առաջին ճայն էր աշխարհում, որ ձեւավոր թռիչքներ էր կատարում։

Ժամանակ չկորցնելով մյուս ճայերի հետ շաղակրատելու վրա, այդ օրը մայրամուտից հետո էլ դեռ նա թռչում էր։ Այդ նա էր, որ հայտնագործեց ճայերի մահվան օղակը, դանդաղեցված եւ բազմապտույտ գալարաթռիչքները, հակառակ հրումը, պտույտընթացքն ու հակառակ պտույտնէջքը։

Խոր գիշեր էր, երբ Ջոնաթան Ճայը մոտեցավ ափում ծվարած Երամին։ Նա սարսափելի հոգնած էր եւ գլխապտույտ էր զգում։ Եվ, չնայած դրան, վայրէջքի գալով՝ ոգեւորության մեջ նա մահվան օղակ կատարեց, վայրկենական պտույտ գործելով ափ հասնելուց անմիջապես առաջ։ Երբ նրանք իմանան կատարված հեղաշրջման մասին, մտածեց նա, կխենթանան երջանկությունից։ Այժմ որքան ավելին է ապրե՛լը։ Ձկնորսանավերի ու ափի արանքում միապաղաղ կերպով քարշ գալու փոխարեն մեր կյանքն այժմ իմաստ կունենա։ Մենք կարող ենք բարձրանալ տգիտությունից, կարող ենք դառնալ խելամիտ, հմուտ ու կատարյալ արարածներ։ Մենք կարող ենք լինել ազատ, կարող ենք սովորել թռչել։

Գալիքը բժժում էր խոստումնալից ու պայծառ֊պայծառ շողշողում։

Երբ նա ափ իջավ, ճայերը հավաքվել էին Խորհրդի Ափում եւ, ակնհայտորեն, վաղուց էին հավաքվել։ Իրականում նրանք իրեն էին սպասում։

— Ճայ Ջոնաթան Լիվինգսթոն, կանգնիր կենտրոնում։— Տոհմապետի խոսքերը հնչեցին ծայրահեղ հանդիսավորությամբ։ Կենտրոնում կանգնելը կամ գերագույն անարգանքի, կամ գերագույն պատվո նշան էր։ Վերջինս միջոց էր, որով ճայերը պատվում էին իրենց մեծագույն առաջնորդներին։ Դե իհարկե, մտածեց նա, Նախաճաշող Երամն առավոտյան վկա եղավ կատարվածին, նրանք տեսան Հեղաշրջումը։ Բայց ինձ պատիվներ պետք չեն, ես ցանկություն չունեմ առաջնորդ դառնալու, ես միայն ուզում եմ կիսել նրանց հետ իմ իմացածը․ ցույց տալ նրանց մեր առջեւ բացվող հորիզոնները։ Նա քայլ արեց դերի առաջ։

— Ճայ Ջոնաթան Լիվինգսթոն,— ասաց Տոհմապետը,— կանգնիր կենտրոնում ցեղակիրներիդ կողմից անարգվելու համար։

Ասես տախտակով տհարվածեին նրան։ Ծնկները թուլացան, փետուրները կախ ընկան,աղմուկ էր ականջներում։ Կենտրոն գալ անարգվե՛լո՞ւ համար։ Անկարելի է։ Իսկ Հեղաշրջումը նրանք չեն հասկացել։ Նրանք իրավացի չեն, իրավացի չեն։

— … իր թեթեւամիտ անպատասխանատվության համար— հանդիսավորությամբ ծորում էր ձայնը,— Ճայերի Տոհմը արժանապատվությունն ու սովորույթները ոտնահարելու համար…

Անարգանքի կենտրոնում լինելը նշանակում էր, որ նա վտարվելու էր ճայերի երամից եւ աքսորվելու մենակության Հեռավոր Ժայռերը։

— … օրերից մի օր, Ջոնաթան Լիվինգսթոն Ճայ, դու կհասկանաս, որ անպատասխանատվությունը չի վարձատրվում։ Կյանքի իմաստն ամիմանալի է եւ անհասանելի, բացառությամբ նրա, որ մենք աշխարհ ենք եկել ուտելու համար, որպեսզի կենդանի մնանք այնքան ժամանակ, որքան կարող ենք։

Ճայը երբեք չի հակաճառում Երամի Խորհրդին, բայց ահա հնչեց Ջոնաթանի ձայնը։

— Անպատասխանատվությո՞ւն։ Եղբայրներ,— բացականչեց նա,— ո՞վ է ավելի պատասխանատու զգում, քան այն ճայը, որը հետամուտ է գտնելու կյանքի իմաստը, նրա բարձրագույն նպատակը։ Հազարավոր տարիներ ի վեր մենք չափչփում ենք ծովը՝ ձկան գլուխ որոնելով, բայց այժմ մեր կյանքն իմաստ կունենա՝ սովորել, հայտնագործել, լինել ազատ։ Թույլ տվեք ինձ, գեթ մեկ հնարավորություն տվեք ցույց տալ ձեզ իմ սովորածը։

Երամն ասես քար էր կտրել։

— Եղբայրությունը քանդված է,— միաձայն շեշտեցին ճայերը եւ միահամուռ կերպով հանդիսավորությամբ փակեցին ականջներն ու թիկունքները դարձրին նրան։

Իր մնացյալ օրերը Ջոնաթանն անց էր կացնում մենության մեջ։ Նա թռչում֊գնում էր Հեռավոր Ժայռերից շատ ու շատ անդին։ Մենակությունը չէ, որ տխրեցնում էր նրան, այլ այն, որ ճայերը չուզեցին հավատալ թռիչքի հրաշքին, այն վեհ կյանքին, որ իրենցն էր լինելու, չուզեցին բացել աչքերը եւ տեսնել։

Նա օրը նոր բան էր սովորում։ Սովորեց, օրինակ, շեշտակի շրջահոսուն խոյաթռիչքների միջոցով ծովում տաս ոտնաչափ խորությունից համեղ ու հազվագյուտ ձկներ որսալ եւ այլեւս ձկնորսանավերի ու չոր փշրանքների կարիքը չուներ։ Նա սովորեց օդում քնել․ գիշերով ուղղություն վերցնել ափից փչող քամուն հակառակ՝ հարյուրավոր մղոններ հաղթահարելով արեւամուտից մինչեւ արեւածագ։ Նույն ինքնատիրապետմամբ նա թռչում էր թանձր ծովամշուշի միջով ու նրանից բարձրանալով հասնում շլացուցիչ պայծառ երկնքին նույն այն ժամանակ, երբ մնացած ճայերը սեղմում էին գետնին՝ չիմանալով, թե ինչ կա մշուշից ու անձրեւվից անդին։ Նա սովորեց քամուն համընթաց թռչել ցամաքի խորքը՝ համեղ միջատներով ճաշելու։

Մի ժամանակ հույսեր կապելով Երամի հետ՝ նա միայն մենություն վաստակեց, բայց սովորեց թռչել եւ չէր ափսոսում այն գինը, որ վճարել էր դրա համար։ Ջոնաթանը հասկացավ, որ ձանձրույթից, վախից ու չարությունից է որ ճայերն այդքան քիչ են ապրում, ու երբ այդ ամենը չքացան նրա հոգուց, նա երկար, իսկապես երջանիկ կյանք ապրեց։


Նրանք եկան երեկոյան եւ գտան Ջոնաթանին իր սիրած երկնքում մեն֊մենակ հանգիստ ճախրելիս։ Այդ երկու ճայերը, որ հայտնվեցին նրա թեւերի մոտ, աստղերի պես շողշողում էին եւ փափուկ ու հաճելի լույսով ցոլարձակում գիշերային բարձր երկնակամարում։ Ամենից հրաշալին, սակայն, թռչելու նրանց հմտությունն էր․ նրանք շարունակ շարժվում էին հստակ ու անփոփոխ պահելով իրենց ու Ջոնաթանի թեւածայրերի միջեւ եղած մի մատնաչափ տարածությունը։

Առանց մի խոսքի Ջոնաթանը նրանց փորձության տարավ, փորձություն, որին ոչ մի ճայ երբեք չէր դիմանա։ Նա թեքեց թեւերի դիրքը եւ այնքան դանդաղեցրեց ընթացքը, որ դրանից փոքր֊ինչ ավելի դանդաղն անգամ անկման էր հավասար։ Շողարձակող երկու թռչունները նույնպես դանդաղեցրին, ապա սահուն կերպով տեղում կասեցրին ընթացքը։ Նրանք գիտեին դանդաղ թռչել։

Նա ծալեց թեւերը, ճոճվեց եւ ժամում հարյուր իննսուն մղոն արագությամբ ցած նետվեց խոյաթռիչքի։ Նրանք էլ իր հետ սուրացին՝ վայրընթաց անթերի աստիճանաձեւ շարք կազմած։

Վերջապես նա շրջվեց եւ նույն արագությամբ ուղիղ նետվեց երկարատեւ ուղղահայաց դանդաղեցված գալարաթռիչքի։ Նրանք ժպտալով գալարվեցին իր հետ։

Նա նորից անցավ հորիզոնական թռիչքի։ Որոշ ժամանակ նա լուռ էր, հետո խոսեց։

— Հիանալի է, — ասաց նա,— ո՞վ եք դուք։

— Մենք քո Երամից ենք, Ջոնաթան, մենք քո եղբայրներն ենք։

— Այդ խոսքերը հնչեցին մեղմ ու վստահ։ Մենք եկել ենք քեզ վերեւ տանելու, տանելու տուն։

— Ես տուն չունեմ, ես Երամ չունեմ, ես Աքսորյալ եմ։ Մենք այժմ թռչում ենք դեպի Հողմերի Մեծ Լեռան գագաթը, այնինչ ես չեմ կարող այս ծեր մարմինը մի քանի հարյուր ոտնաչափից ավելի բարձրացնել։

— Կարող ես, Ջոնաթան, չէ՞ որ դու սովորել ես։ Դու ավարտեցիր մի դպրոց, ժամանակն է մի ուրիշն սկսելու։

Իր ողջ կյանքում դա ցոլցլացել էր նրա խորքերում, եւ հիմա Ջոնաթան Ճայի միտքը հանկարծ լուսավորվեց։ Նրանք ճիշտ էին։ Ինքը կարող էր էլ ավելի բարձր թռչել, եւ, բացի այդ, տուն գնալու ժամանակն էր։

Նա մի վերջին երկար հայացք գցեց երկնքին, ապա կարոտով նայեց հիասքանչ, արծաթյա երկրին, ուր այնքան բան էր սովորել։

Եվ ահա Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը վեր բարձրացավ երկու առկայծող թռչունների հետ ու անհետացավ երկնքի անթափանց խավարում։

Մաս երկրորդ

Ուրեմն սա՞ է երկինքը, մտածեց նա ինքն իրեն ժպտալով։ Թերեւս այնքան էլ հարգալից չէ դատել երկնքի մասին, երբ դեռ նոր ես հասել այնտեղ։

Այժմ, թողնելով Երկիրը եւ երկու ադամանդափայլ ճայերի հետ թեւ֊թեւի բարձրանալով ամպերից էլ վեր, նա տեսավ, որ իր սեփական մարմինը եւս փոխվում֊դառնում է նրանց պես շողշողուն։ Դա, իհարկե, իր ոսկեգույն աչքերի առջեւ ապրած նույն երիտասարդ Ջոնաթանն էր, միայն թե փոխված արտաքին ձեւերի մեջ։

Մարմինն էլի ճայի էր, բայց հիմա արդեն նա թռչում էր շատ ավելի լավ, քան թռել էր երբեւէ։ Այդ ինչո՞ւ, մտածեց նա, կիսով չափ քիչ լարվելով՝ ես հիմա թռչում եմ կրկնակի շատ ու կրկնակի արագ, քան լավագույն օրերիս երկրի վրա։

Նրա փետուրներն այժմ շողշողում էին ադամանդի սպիտակ փայլով, իսկ թեւերը ողորկ էին, արծաթյա փայլերցած թիթեղների պես անթերի։ Նա հիացած սկսեց ուսումնասիրել դրանք, ուժը փորձել նոր թեւերին։

Ժամում երկու հարյուր հիսուն մղոն թռչելիս նա զգաց, որ մոտեցել է հորիզոնական թռիչքի իր համար առավելագույն արագությանը։ Ժամում երկու հարյուր յոթանասուներեք մղոն անցնելիս մտածեց, որ թռչում է այնքան արագ, որքան միայն կարող է ու մի քիչ հիասթափվեց։ Ուրեմն նոր մարմնի կարողությունները նույնպես սահմանափակ էին, ու թեեւ դրանք շատ ու շատ անգամ գերազանցում էին իր իսկ ռեկորդը, բայց սահման այնուամենայնիվ կար եւ մեծ լարում կպահանջվեր այն հաղթահարելու համար։ Երկնքում, մտածում էր նա, սահմանները չպետք է լինեն։

Ամպերը մնացին հեռվում։ Նրա ուղեկիցները բացականչեցին․

Երջանիկ վայրէջք, Ջոնաթան,— եւ անհետացան անոսր երկնի խորքերում։

Ծովի վրայով նա թռչում էր դեպի կտրտված ափեզրը։ Ժայռերի մոտ մի քանի մարզվող ճայեր էին ուրվագծվում։ Հեռու հյուսիսում, հորիզոնին մոտ ճախրում էին եւս մի քանիսը։ Նոր պատկերներ, նոր մտքեր, նոր հարցեր․ ինչո՞ւ են ճայերն այսքան քիչ, երկինքը պիտի որ լի լիներ ճայերի երամներով։ Եվ ինչո՞ւ հանկարծ ինքն այսպե հոգնեց, չէ՞ որ ճայերը, ինչպես ընդունված է համարել, երբեք չեն հոգնում եւ չեն քնում երկնքում։

Որտե՞ղ էր նա այդ լսել։ Իր երկրային կյանքի հիշողություններն աստիճանաբար հեռանում էին։ Նա, իհարկե, Երկրում շատ բան էր սովորել, բայց մանրամասներն այժմ աղոտացել էին․ ինչ֊որ բան էր հիշում հանուն սննդի թռչելու մասին, Աքսորյալ լինելու մասին։

Ափեզրի մոտ մի խումբ ճայեր առանց բառ իսկ արտասանելու ընդառաջ եկան նրան։ Նա զգաց միայն, որ սա տուն է եւ որ ինքը ցանկալի է այստեղ։ Դա նրա համար մեծ օր էր, օր, որի արեւածագը նա վաղուց արդեն չէր հիշում։

Ափում վայրէջք կատարելու համար նա շրջվեց, մի մատնաչափ բարձրության վրա թեւերը թափահարելով՝ կանգ առավ, ապա թեթեւորեն իջավ ավազին։ Մյուս ճայերը նույնպես իջան՝ եւ առանց փետուր իսկ շարժելու։ Լուսաճերմակ թեւերը տարածած՝ նրանք համաչափորեն ճոճվեցին օդում, ապա սկսեցին իրենց փետուրների կորությունն ինչ֊որ կերպ փոփոխել այնքան, մինչեւ որ լրիվ կանգ առան։ Նույն վայրկյանին էլ նրանց թաթերը դիպան գետնին։ Դա հրաշալի ինքնակառավարում էր, բայց Ջոնաթանը շատ հոգնած էր այն կրկին փորձելու համար։ Ափ հասնելուն պես, դեռ բառ իսկ չարտասանած, նա քնեց։

Արդեն հաջորդ օրերին Ջոնաթանը հասկացավ, որ թռիչքի համար այստեղ նույնքան շատ բան կար սովորելու, որքան ինքը սովորել էր իր ողջ անցած կյանքի ընթացքում։ Տարբերությունն այն էր, որ ճայերն այստեղ իր նման էին մտածում։ Նրանցից յուրաքանչյուրի համար ամենաէականը կյանքում կատարելության հասնելու ձգտումն էր, աշխարհում ամեն ինչից շատ նրանք թռչել էին սիրում։ Նրանք բոլորն էլ զարմանալի թռչուններ էին, որ ամեն օր, ամեն ժամ մարզումներ էին անում, փորձում նորանոր թռիչքաձեւեր։

Վաղուց արդեն Ջոնաթանը մոռացել էր այն աշխարհի մասին, որտեղից եկել էր ինքը, այն աշխարհի, ուր Երամն ապրում էր աչքերն ամուր փակած թռիչքի երջանկության դեմ՝ թեւերն օգտագործելով միայն կեր գտնելու եւ այն իրարից փախցնելու համար։ Բայց ժամանակ առ ժամանակ այդ հիշողությունները մի պահ նորից արթնանում էին։

Մի առավոտ, երբ ծալված թեւերով ակնթարթային պտույտներ գործելու պարապմունքից հետո ուսուցչի հետ հանգստանում էին ափին, նա դարձյալ հիշեց այդ ամենը։

— Իսկ ո՞ւր են մյուսները, Սալիվան,— հարցրեց նա առանց խոսքի՝ մի հրաշալի հեռազգացությամբ, որով լուռ հաղորդակցվում էին այստեղի ճայերը փոխանակ ճչալու եւ աղմկելու։

— Ինչո՞ւ մենք քիչ ենք այստեղ։ Այնտեղ, որտեղից ես եկել եմ, ապրում էին…

— …հարյուրավոր ու հազարավոր ճայեր, գիտեմ,— գլխով արեց Սալիվանը։— Ես մի պատասխան կարող եմ տալ, Ճոնաթան, դա այն է, որ դու մեն֊միակն ես միլիոնավոր թռչունների մեջ։ Մեր մեծամասնությունը միշտ էլ դանդաղ է շարժվել առաջ։ Մի աշխարհից մենք գալիս ենք դրան բոլորովին նման մեկ ուրիշը, իսկույն մոռանում ենք այն նախորդը, որտեղից եկել ենք, եւ, չմտածելով, թե ուր ենք գնալու, ապրում ենք պահի համար։ Պատկերացնո՞ւմ ես, թե քանի կյանք է հարկավոր եղել, մինչեւ կծնվեր առաջին միտքն այն մասին, որ կյանքում շատ ավելի բարձր բաներ կան, քան ուտելը, կռվելն ու Երամին իշխելը։ Հազարավոր կյանքեր, Ջոն, տաս հազարավոր, եւ էլի ուրիշ հարյուրավոր կյանքեր պետք եկան, մինչեւ սկսեցինք հասկանալ, որ կա կատարելություն կոչվածը, ու էլի այդքան, մինչեւ այն գաղափարը, որ մեր կյանքի նպատակն այսուհետեւ այդ կատարելությունը հայտնաբերելն ու ցուցադրելն է։ Նույն կանոնն, անշուշտ, գործում է նաեւ մեզ համար։ Մենք մեր հաջորդ աշխարհն ընտրում ենք ելնելով նրանից, ինչ սովորել ենք այս մեկում։ Երբ ոչինչ չես սովորում, ապա հաջորդ աշխարհն ըստ էության նույնն է, ինչ եւ այս մեկը՝ հաղթահարման սպասող նույն խոչընդոտներով ու կապարե ծանրությամբ։

Նա տարածեց թեւերը եւ շրջվեց՝ դեմքը դարձնելով քամուն։

— Բայց դու, Ջոն,— ասաց նա,— կարճ ժամանակում այնքան շատ բան ես սովորել, որ հազարավոր կյանքերի կարիքը չունեցար այստեղ հասնելու համար։

Մի վայրկյանում նրանք կրկին հայտնվեցին օդում մարզումներ անեու։ Համատեղ գալարաթռիչքները դժվարությամբ էին հաջողվում։ Կիսով չափ շրջված ընթանալով՝ Ջոնաթանը ստիպված էր մնածել գլխիվայր կախված՝ ուսուցչի հետ ներդաշնակորեն հակառակ շրջելով թեւի աղեղը։

Եկ դա նորից փորձենք,— էլի ու էլի կրկնում էր Սալիվանը, եկ դա նորից փորձենք։— Ապա վերջապես․— լավ է։— Եվ նրանք դարձյալ սկսեցին մահվան օղակների եռանդագին մարզումները։


Մի երեկո գիշերային թռիչքի չգնացած ճայերը մտքի մեջ սուզված կանգնած էին ավազին։ Իր ողջ քաջությունը հավաքելով Ջոնաթանը դիմեց Ավագ Ճային, որն, ասում էին, շուտով հեռանալու էր այս աշխարհիծ։

— Չիանգ,— ասաց նա փոքր֊ինչ հուզված։

Ծեր ճայը բարությամբ նայեց նրան։ — Այո, որդիս։— Տարիների հետ թուլանալու փոխարեն տոհմապետն ավելի ուժեղ էր դարձել, նա կարող էր գերազանցել Երամի ցանկացած ճային եւ գիտեր այնպիսի հմտություններ, որ մյուսները նոր էին միայն յուրացնում։


Ջիանգ, այս աշխարհը ամենեւին էլ երկինքը չէ, ճի՞շտ է։

Տոհմամետը ժպտաց՝ ողողված լուսնի լույսով։— Դու դարձյալ սովորում ես, Ջոնաթան Ճայ,— ասաց նա։


Լավ, իսկ ի՞նչ է լինելու սրանից հետո, ո՞ւր ենք մենք գնում։ Իրականում կա՞ այնպիսի մի տեղ, որ երկինք է կոչվում։


Ոչ, Ջոնաթան, այդպիսի տեղ չկա։ Երկինքը ոչ տարաթություն է եւ ոչ էլ ժամանակ։ Երկինքը կատարյալ լինելն է։— Նա մի պահ լուռ էր։— Դու շատ արագ թռչող ես, այնպես չէ՞։


Ես… ես հաճույք եմ զգում արագությունից,— ասաց Ջոնաթանը շփոթված, բայց եւ հպարտ, որ Տոհմապետը նկատել էր իրեն։


Երկնքին սկսում ես հասնել այն ժամանակ, Ջոնաթան, երբ հասնում ես բացարձակ արագության։ Դա ժամում հազար կամ միլիոն մղոն անցնելը չէ եւ ոչ իսկ լույսի արագությամբ թռչելը, քանզի յուրաքանչյուր թիվ սահման է, իսկ կատարելությունը սահմաններ չունի։ Բացարձակ արագությունը, որդիս, այնտեղ հայտնվելն է։

Չիանգը հանկարծ չքացավ եւ մի ակնթարթում հայտնվեց ջրի եզրին՝ հիսուն ոտնաչափ հեռու։ Ապա կրկին չքացավ եւ մեկ հազարերորդական վայրկյան անց կանգնեց Ջոնաթանի կողքին։

Սա միայն կատակ էր,— ասաց նա։

Ջոնաթանն ապշել էր։ Նա մոռացավ երկնքի մասին հարցնելը։

Ինչպե՞ս ես այդ անում։ Ի՞նչ ես զգում այդ պահին։ Որքա՞ն տարածություն կարող ես անցնել։


Ցանկացած պահի կարելի է հայտնվել ցանկացած տեղում, ուր կամենաս,— ասաց Տոհմապետը։— Ցանկացած պահի ես կարող եմ լինել ամենուր, ուր հասնում է միտքս։— Նա հայացքը հառեց ծովին։— Տարօրինակ է, այն ճայերը, որոնք կատարելությանը ստորադասում են պարզ տեղափոխությանը, լճանում են ու այդպես էլ ոչ մի տեղ չեն գնում։ Իսկ նրանք, որոնք հրաժարվում են պարզ տեղափոխությունից հանուն կատարելության, վայրկենապես հայտնվում են ցանկացած տեղում։ Հիշիր, Ջոնաթան, երկինքը տարածություն չէ եւ ոչ էլ ժամանակ, քանի որ տարածությունն ու ժամանակը բոլորովին զուրկ են որեւէ իմաստից։ Երկինքը…

— Կարո՞ղ ես ինձ սովորեցնել այդպես թռչել,— հարցրեց Ջոնաթան Ճայը՝ մի նոր անհայտի նվաճման մտքից դողահար։

— Իհարկե, եթե ուզում ես սովորել։

— Ուզում եմ։ Ե՞րբ կարող ենք սկսել։

— Հենց հիմա էլ կարող ենք սկսել, եթե համաձայն ես։

— Ես ուզում եմ սովորել քեզ նման թռչել,— ասաց Ջոնաթանը, եւ աչքերը վառվեցին տարօրինակ փայլով։— Ասաց ինձ, թե ի՞նչ եմ անելու։

Չիանգը խոսում էր դանդաղ՝ հետեւելով միշտ ջանասեր այդ պատանի ճային։— Մտքի արագությամբ թռչել՝ նշանակում է լինել ցանկացած տեղում,— ասաց նա,— դու առաջին հերթին պետք է սկսես սովորել հասկանալ, որ արդեն հասել ես։

Չիանգի ասելով բանի էությունն այն էր, որ Ջոնաթանը պիտի դադարեր դիտել իրեն որպես քառասուներկու մանտաչափ տեւերի բացվածք եւ նախապես տրված հնարավորություններ ունեցող սահմանափակ կարողություններով օժտված մարմնի գերի։ Էությունն այն բանի գիտակցումն էր, որ իր իսկական ես֊ը այնպես բացարձակորեն, ինչպես անվերջ թիվը, միաժամանակ ապրում է տարածության ու ժամանակի ցանկացած կետում։

Ջոնաթանը շարունակում էր մարզվել, մարզվել համառորեն, ամեն օր, արեւածագից մինչեւ կեսգիշեր, եւ, չնայած բոլոր ջանքերին, մի փետրաչափ իսկ առաջ չէր շարժվում տեղից։

— Մոռացիր հավատի մասին,— նորից ու նորից կրկնում էր Չիանգը,— թռչել սովորելիս հավատը քեզ պետք չեկավ, դու պետք է թռիչքը հասկանաս։ Դա հենց այն է, ինչ պետք է։ Այժմ նորից փորձիր։

Մի օր, երբ Ջոնաթանը փակ աչքերով ափին կանգնած կենտրոնանում էր, մտքի հանկարծակի մի փայլատակումով հասկացավ, թե ինչ էր ասում Չիանգը․ «Իհարկե, դա ճշմարիտ է, իմ հնարավորություններն անսահման են, ես կատարյալ ճայ եմ»։ Երջանկության հզոր ալիքը ցնցեց նրան։

— Լավ է,— ասաց Չիանգը հաղթականորեն։

Ջոնաթանը բացեց աչքերը։ Ինքն ու Տոհմապետը միայնակ կանգնած էին միանգամայն անծանոթ մի ափում՝ ծովեզրին խոնարհված ծառերով ու կրկնակի դեղին արեւներով՝ հայտնված իրենց գլխավերեւում։

— Վերջապես պատկերացրիր,— ասաց Չիանգը,— բայց կառավարումդ փոքր֊ինչ մշակման կարիք ունի։

Ջոնաթանն ապշել էր։— Այս որտե՞ղ ենք մենք։

— Կանաչ երկնքով ու արեւի տեղ կրկնակ աստղերով ինչ֊որ մոլորակի վրա,— տարօրինակ շրջապատի հանդեպ կատարչալ անտարբերությամբ, իմիջայլոց պատասխանեց Տոհմապետը։

Ջոնաթանը հիացմունքի ճիչ արձակեց, առաջին հնչյունը՝ Երկիրը թողնելուց հետո։— ՍՏԱՑՎՈՒՄ է։

— Այո, իհարկե ստացվում է, Ջոն,— ասաց Չիանգը,— միշտ էլ ստացվում է, երբ գիտես, թե ինչ ես անում։ Իսկ այժմ կառավարման մասին…

Արդեն մութ էր, երբ նրանք վերադարձան։ Ճայերը Ջոնաթանին հառեցին իրենց ակնածալից ոսկեգույն աչքերը․ նրանք տեսել էին անշարժ դիրքից նրա անհետանալը։

Մի քանի վայրկյան ականջ դնելով իիրեն ուղղված շնորհավորանքներին՝ նա ասաց․ — Ես այստեղ նորեկ եմ, դեռ բոլորովին սկսնակ, եւ այդ ամենը ձեզանից պիտի սովորեմ։


Զարմանում եմ, Ջոն, — նրա կողքին կանգնելով ասաց Սալիվանը։ — Տաս հազար տարում իմ տեսած բոլոր ճայերից դու ամենահամարձակն ես սովորելու մեջ։ — Երամը լռեց, Ջոնաթանը հուզվեց շփոթմունքից։


Եթե ուզում ես, կարող ենք սկսել աշխատել ժամանակի վրա, — ասաց Չիանգը,— մինչեւ կսովորես թռչել դեպի անցյալը եւ դեպի ապագան։ Այնժամ դու պատրաստ կլինես ամենադժվարը, ամենահզորն ու անենագրավիչը սկսելուն։ Դու պատրաստ կլինես սկսել վերընթաց թռչել եւ կհասկանաս, թե ինչ են բարին ու սերը։

Մոտ մի ամիս Ջոնաթանը խելահեղ արագությամբ յուրացնում էր ամեն ինչ։ Փորձը ցույց էր տվել, որ նա միշտ էլ արագ էր սովորում, իսկ այժմ հենց իրեն՝ Տոհմապետին աշակերտելով՝ այնպես էր ընդունում նոր գաղափարները, ասես փետրավոր հաշվիչ մեքենա լիներ։

Ահա եւ եկավ այն օրը, երբ Չիանգն անհետացավ։ Նա հանդարտ զրուցում էր բոլորի հետ՝ հորդորելով, որ նրանք երբեք չթողնեն եւ սովորելն եւ մարզվելը, որ մշտապես ջանան ավելի ու ավելի խորն ըմբռնել կյանքի իսկական, աներեւույթ, անտեսանելի էությունը։ Խոսելու ընթացքում նրա փետուրները հետզհետե ավելի ու ավելի պայծառ էին շողում, իսկ վերճին պահին այնպես փայլատակեցին, որ ոչ մի ճայ չկարողացավ նրան նայել։


Ջոնաթան,— ասաց նա, եւ դրանք նրա արտասանած վերջին բառերն էին․ — աշխատիր ըմբռնել, թե ինչ է սերը։

Երբ նրանք վերստացան տեսնելու կարողությունը, Չիանգն այլեւս չկար։ Որքան օրերն անցնում էին, այնքան ավելի հաճախ էր Ջոնաթանն իրեն գտնում նորից ու նորից Երկրի մասին մտածելիս, այն Երկրի, որտեղից եկել էր։ Եթե ինքն այնտեղ գիտենար այն ամենի մեկ տասներորդ, թեկուզ մեկ հարյուրերորդ մասը միայն, ինչ իմացավ այստեղ, որքան ավելի ամաստալից կլիներ կյանքը։ Ավազին կանգնած նա հետաքրքրությամբ մտածում էր, թե գուցե այնտեղ եղել է մի ճայ, որը կարող էր խորտակել իրեն կաշկանդող սահմաններն ու դուրս գալ դրանցից, որ կարող էր թիանավից հացի փշրանքներն փախցնելուց անդին տեսնել թռիչքի իմաստը։ Հավանաբար նա նույնիսկ կարող է հասցրած լինել Աքսորյալ դառնալ իր ճշմարտությունը ԵՐմաի երեսին ասելու համար։ Եվ որքան ավելի էր Ջոնաթանը մարրզվում բարության դասերը յուրացնելու համար, այդքան ավելի էր աշխատնում ըմբռնել սիրո բնույթը, այնքան ավելի էր ցանկանում վերադառնալ Երկիր։ Չնայած իր միայնակ անցյալին, Ջոնաթան Ճայը ծնվել էր ուսուցիչ լինելու համար․ սիրո արտահայտման նրա եղանակը իր հայտնաբեած ճշմարտությունը նվիրելն էր յուրաքանչյուր ճայի որն ուզում է գտնել այն։

Սալիվանը, որն այժմ մտքի արագությամբ թռիչքների գիտակ էր եւ օգնում էր մյուսներին յուրացնել դա, հավանություն չէր տալիս դրան։

— Ջոն, դու մի անգամ արդեն Աքսորյալ ես եղել։ Ինչո՞ւ ես կարծում, որ նույն այդ ճայերից ոմանք այժմ կցանկանան լսել քեզ, այն էլ քո այս տարիքում։ Դու գիտես ասածը եւ այն ճիշտ է․ «Որքան ճայը բարձր է թռչում, այնքան հեռուն է տեսնում»։ Այն ճայերը, որոնցից դու հեռացել ես, կպած են գետնին, նրանք ճչում են ու կռվում իրար հետ։ Նրանք հազարավոր մղոններ հեռու են երկնքից, իսկ դու ուզում ես այնտեղից ցույց տալ նրանց երկինքը։ Ախր նրանք իրենց սեփական թեւերի ծայրերն անգամ չեն կարողանում տեսնել, Ջոն։ Մնա այստեղ, օգնիր այստեղի նորեկներին, նրանց, որոնք բավականաափ բարձր են թռել հասկանալու համար այն, ինչ ունես նրանց ասելու։ — Նա մի պահ լռեց, ապա ասաց։— Ի՞նչ կլիներ, եթե Չիանգը վերադառնար իր նախկին աշխարհը։ Որտե՞ղ կլինեիր այսօր դու։

Վերջին փաստարկը համոզիչ էր հնչում, Սալիվանն իրավացի էր․ որքան ճայը բարձր է թռչում, այնքան հեռուն է տեսնում։ Ջոնաթանը մնաց եւ պարապում էր նորեկ թռչունների հետ, որոնք բոլորն էլ շատ ընդունակ էին եւ արագ յուրացնում էին ամեն ինչ։ Բայց նախկին զգացումը նորից արթնացավ, եւ նա չէր կարողանում չմտածել, որ Երկրի վրա հավանաբար կլինեն մեկ֊երկու ճայ, որոնք նույնպես կարող էին սովորել։ Ինչքան շատ բան նա կիմանար այժմ, եթե Չիանգն իր կողքին լիներ այն օրերին, երբ ինքն Աքսորյալ էր։

— Ես պետք է վերադառնամ, Սալլի,— ի վերջո ասաց նա։— Քո աշակերտները հիանալի առաջադիմում են։ Նրանք կարոէ են օգնել քեզ նորեկներին ուսուցանելու։

Սալիվանը հոգոց հանեց, բայց չառարկեց։— Կարծում եմ կկարոտեմ քեզ, Ջոնաթան, — միայն ասաց նա։

— Ամոթ է, Սալլի,— հանդիմանեց նրան Ջոնաթանը, — այդքան խենթ մի լինիր։ Հապա ինչով ենք մենք զբաղվում ամեն օր։ Եթե մեր բարեկամությունը դեռեւս կախված է այնպիսի բաներից, ինչպիսիք են տարածությունն ու ժամանակը, ապա, վերջնականապես հաղթահարելով դրանք՝ մենք խորտակած կլինենք մեր երամակցական կապերը։ Հաղթահարելով ժամանակը՝ կունենանք Այժմ։ Չե՞ս կարծում, որ կարող ենք մեկ֊երկու անգամ հանդիպել Այստեղի եւ Այժմվա միջեւ մի ինչ֊որ կետում։

Սալիվանն ակամա ծիծաղեց։ — Դու խենթ ես, — համակրանքով ասաց նա։ — Եթե կա մեկը, որ կարող է գետնին կպած որեւէ էակի ցույծ տալ, թե ինչպես կարելի է հազարավոր մղոնների չափ հեռուն տեսնել, ապա դա Ջոնաթան Լիվինգսթոն Ճայն է։ — Նա հայացքը հառեց ավազին։ — Մնաս բարով, Ջոն, բարեկամս։

— Ցտեսություն, Սալլի, մենք էլի կհանդիպենք։ — Այս ասելով Ջոնաթանը մտաբերեց ճայերի մեծ երամների պատկերը մի այլ ժամանակի մեջ եւ սովորական թեթեւությամբ զգաց, որ փետուր ու ոսկոր չէ ինքը, այլ ազատության ու թռիչքի բացարձակ գաղափարը, որ ոչնչով չի սահմանափակվում։

Ֆլեթչեր Լինդ Ճայը դեռ բոլորովին ջահել էր, բայց արդեն գիտեր, որ երբեւէ չէր եղել մի այլ թռչուն, որի հետ որեւէ Երամ այդքան անգթորեն վարված լիներ կամ այդքան անարդարացի։

«Ինձ համար միեւնույն է, թե ինչ կասեն նրանք,— զայրացած մտածեց նա եւ աչքերը մշուշվեցին, երբ թռչում էր դեպի Հեռավոր Ժայռերը։ — Թռչելը շա՜տ ավելին է, քան տեղից֊տեղ փոխադրվելու համար թեւերը թափահարելը, դե դա… դա ախր… դա մոծակն էլ կանի։ Ընդամենը մի փոքրիկ գալարաթռիչք Տոհմապետի շուրջը, հենց այնպես, կատակի համար միայն, եւ ահա ես Աքսորյալ եմ։ Նրանք կո՞ւյր են, իչն է, մի՞թե չեն տեսնում, մի՞թե չեն պատկերացնում այն փառահեղ կյանքը, որ կունենանք մենք, երբ իսկապես սովորենք թռչել։

Ինձ համար միեւնուն է, թե ինչ կմտածեն նրանք։ Ես նրանց ցույց կտամ, թե ինչ է թռիչքը։ Ես իսկական օրինախախտ կլինեմ, եթե նրանք այդպես են ցանկանում։ Բայց նրանք դեռ շատ կզղջան սրա համար»։

Ձայնը եկավ հենց իր ներսից ու թեեւ այն չափազանց նուրբ էր, այնուամենայնիվ, այնքան վախեցրեց, որ նա երերաց ու կարկամեց օդում։

— Մի չարանա նրանց վրա, Ճայ Ֆլեթչեր։ Քեզ վտացելով՝ մյուս ճայերը միայն իրենց են վնասել, մի օր նրանք կհասկանան դա, մի օր կտեսնեն այն, ինչ դու ես տեսնում։ Ներիր նրանց եւ փորձիր հասկանալ։

Նրա աջ կողմում մի ադամանդափայլ ճայ էր թռչում, աշխարհի ամենաճերմակ ճայը։ Նա սահում էր առանց որեւէ ջանքի, փետուր իսկ չշարժելով, եւ դա այն դեպքում, երբ ինքը՝ Ֆլեթչերը թռչում էր գրեթե առավելագույն արագությամբ։

Պատանի ճայի հոգում մի պահ ամեն ինչ իրար խառնվեց։

«Այս ի՞նչ է կատարվում։ Ես խելագարվե՞լ եմ, ես մեռե՞լ եմ։ Ի՞նչ է սա»․ զարմանում էր երիտասարդ ճայը։ Ցածր ու հանգիստ, ձայնը թափանցեց նրա հոգու խորքերը՝ պատասխան պահանջելով․ — Ֆլեթչեր Լինդ Ճայ, դու ուզո՞ւմ ես թռչել։


ԱՅՈ, ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԹՌՉԵԼ։


Ֆլետթեր Լինդ Ճայ, դու արդյո՞ք այնքան շատ ես ուզում թռչել, որ կներես Երամին, կսովորես ու մի օր այնտեղ կվերադառնես եւ կաշխատես օգնել նրանց իմանալու քո սովորածը։

Չնայած հպարտությանն ու կրած վիրավորանքին, Ֆլեթչերն անկարող էր ստել այդ հիասքանչ, հմուտ արարածին։

— Այո, — մեղմորեն ասաց նա։

— Այդ դեպքում, Ֆլեթչ, — ասաց այդ լուսացող արարածը, եւ այդ ձայնի մեջ այնքան բարություն կար, — եկ սկսենք Հորիզոնական թռիչքից։

Մաս երրորդ

Ջոնաթանը դանդաղ պտույտներ էր գործում Հեռավոր Ժայռերի վրա՝ դիտելով դրանք։ Այդ անտաշ, ջահել Ֆլեթչերը գրեթե կատարյալ աշակերտ դուրս եկավ։ Օդում նա ուժեղ էր, թեթեւ արագաշարժ, բայց, որ ամենակարեւորն էր, նա լի էր թռչել սովորելու կրքոտ ցանկությամբ։

Հենց որ նա հայտնվեց այստեղ, նրա աղոտ, գորշ կերպարանքը աղմուկով դուրս եկավ խոյաթռիչքից եւ ուսուչցի մոտով սահեց սուրանլով ժամում հարյուր հիսուն մղոն արագությամբ։ Նա կտրուկ պոկվեց եւ փորձեց տասնվեց պտույտանի ուղղահայաց, դանդաղեցված գալարաթռիչք թատարել՝ բարձրաձայն հաշվելով պտույտները։

— … ութ… ինը… տաս… տես, Ջոնաթան, ես պտտվում եմ հնարավոր առավելագույն արագությամբ… տասնմեկ… Ջոնաթան, ես ուզում եմ այնպես գեղեցիկ ու հստակ կանգ առնել, ինչպես դու… տասներեք… այս վերջին երեք պտույտները… առանց… տասնչորս… ա՛աաախ։

Անհաջողության հարուցած զայրույթն ու կատաղությունը բոլորովին փչացրին գործը, եւ Ֆլեթչերը խելահեղորեն թավալվեց ցած։ Նա ընկավ մեջքի վրա, թավալգլոր տալով՝ անշնորհք կերպով գալարվեց հակառակ պտույտէջքի մեջ եւ, երբ ծանր շնչելով վերջապես ուղղվեց՝ թռչում էր ուսուցչից հարյուր ոտնաչափ ներքեւ։

— Դու ժամանակդ իզուր վատնում ես ինձ վրա, Ջոնաթան։ Ես հիմար եմ ու անհասկացող։ Անընդհատ փորձում եմ ու փորձում, բայց ինձ մոտ դա երբեք էլ չի ստացվի։

Ջոնաթանը ներքեւ նայեց ու գլխով արեց։ — Իհարկե, չի ստացվի, չի ստացվի այնքան ժամանակ, քանի դեռ դու այդքան կտրուկ ես կանգ առնում։ Սկզբում, Ֆլեթչեր, դու ժամում քառասուն մղոն կորցրիր։ Դու պիտի այդ անես կտրուկ, բայց սահուն, կհիշե՞ս։

Նա իջավ ու հավասարվեց ջահել ճային։ — Եկ այժմ միասին փորձենք։ Ուշադրություն դարձրու գալարաթռիչքից դուրս գալուն։ Հանգիստ սկսիր, եւ այն սահուն կլինի։

Երրորդ ամսվա վերջում Ջոնաթանն ուներ եւս վեց աշակերտ, բոլորն էլ Աքսորյալներ՝ հրապուրված իրենց նոր, տարօրինակ գաղափարով՝ թռչել հանուն թռիչքի երջանկության։

Նրանց համար դեռեւս ավելի հեշտ էր վարժությունների հստակ կատարման մեջ հմտանալը, քան դրանց ներքին իմաստը հասկանալը։

— Մեզանից յուրաքանչյուրն իրականում Մեծ Ճայի գաղափարի մարմնացումն է, ազատության համապարփակ գաղափարի մարմնացումը, — երեկոները սովորաբար կրկնում էր Ջոնաթանն ափում, — վարպետորեն թռչելը միայն մի քայլ է դեպի մեր իսկական էության արտահայտումը։ Պետք է մի կողմ թողնել այն ամենն, ինչ սահմանափակում է մեզ։ Ահա թե ինչի համար են եւ բարձր արագության, եւ ցածր արագության, եւ ձեւավոր թռիչքների բոլոր այս մարզումները…

Իսկ ցերեկային թռիչքներից հոգնած նրա աշակերտները սովորաբար քնած էին լինում։ Նրանք գործնական վարժություններ էին սիրում, որովհետեւ դրանց արագությունը խենթացնում էր, դրանք հագեցնում էին սովորելու նրանց ծարավը, որ յուրաքանչյուր պարապմունքի հետ ավելի էր սաստկանում։ Բայց նրանցիծ եւ ոչ մեկը, նույնիսկ Ֆլեթչեր Լինդը, չէին կարողանում պատկերացնել, որ գաղափարների թռիչքը կարող է լինել նույնքան իրական, որքան քամունը կամ փետուրինը։

Ձեր ողջ մարմինը մի թեւածայրից մինչեւ մյուսը, — մի ուրիշ անգամ ասում էր Ջոնաթանը, — այլ բան չէ, քան հենց ձեր միտքը՝ տրված տեսանելի ձեւի մեջ։ Փշրեք ձեր մտքի կապանքները եւ դուք կփշրեք նաեւ ձեր մարմնի կապանքները։ — Բայց որքան էլ նա խոսում էր, միեւնույն է, այդ ամենը հնչում էր որպես հաճելի պատրանք, իսկ նրանք ավելի շատ քնել էին ուզում։

Ընդամենը մի ամիս էր անցել, երբ Ջոնաթանն ասաց, որ ժամանակն է Երամի մոտ վերադառնալու։

Մենք պատրաստ չենք, — ասաց Հենրի Կալվինը։ — Մենք ատելի ենք նրանց համար, մենք Աքսորյալ ենք։ Մենք անկարող ենք ստիպել մեզ գնալու այնտեղ, ուր մեր երեսն իսկ չեն ուզում տեսնել, դե մի՞թե կարող ենք։

— Մենք ազատ ենք գնալու ուր ուզենք եւ լինելու այնպիսին, ինչպիսին կանք, — պատասխանեց Ջոնաթանը եւ գետնից բարձրանալով ուղղվեց արեւելք՝ դեպի հայրենի ափերը, դեպի Երամը։

Աշակերտները որոշ ժամանակ շփոթված էին, որովհետեւ Երամի օրենքն ասում է, որ Աքսորյալը երբեք չի վերադառնում, եւ այդ օրենքը տաս հազար տարվա ընթացքում երբեք չէր խախտվել։ Օրենքն ասում էր՝ մնացեք, Ջոնաթանը՝ եկեք, իսկ այդ պահին նա արդեն մի մղոն ճանապարհ էր անցել։ Եթե իրենք մի քիչ էլ հապաղեին, նա մեն֊մենակ կհանդիպեր թշնամական Երամին։

— Լավ, մենք ինչո՞ւ պիտի ենթարկվենք, եթե Երամի անդամը չենք, փոքր ինչ վախվորած խոսեց Ֆլեթչերը։ — Եվ, բացի այդ, եթե կռիվ լինի, մենք այնտեղ ավելի օգտակար կլինենք, քան այստեղ։

Եվ այնպես, արեւմուտքից նրանք թռան֊եկան այդ առավոտ, բոլոր ութը, զույգ ռմբաձեւ շարքով՝ թեւածայրերով մասամբ իրար ծածկելով։ Նրանք եկան Երամի Խորհրդի Ափով՝ ժամում հարյուր երեսունհինգ մղոն արագությամբ։ Ջոնաթանը գնում էր առջեւից, նրա աջ թեւում սահունորեն թռչում էր Ֆլեթչերը, ձախում՝ տոկունորեն ջանում էր Հենրի Կալվինը։ Ողջ շարքը մեկի մեպ դանդաղորեն թեքվեց դեպի աջ… հավասարվեց… մոտեցավ… շրջվեց… ավելի մոտեցավ… հավասարվեց… քամին մտրակում էր նրանց։

Երամի ծակող ճիչերի առօրյա աղմուկը ասես հսկայական դաշույնի հարվածով՝ միանգամից կտրվեց ճայաշարի հայտնվելով, եւ ութ հազար աչքեր անթարթ հառվեցին նրանց վրա։ Ութ թռչունները մեկը մյուսի ետեւից կտրուկ բարձրացան վեր՝ մահվան օղակ կատարելու, ապա, ողջ ճանապարհին դանդաղեցնելով ընթացքը, բացարձակորեն անշարժացան՝ իջնելով ավազին։ Հետո, ասես արտասովոր ոչինչ չէր պատահել, Ջոնաթանն սկսեց քննարկել թռիչքի թերությունները։

— Նախ եւ առաջ, — ասաց նա ծուռ ժպտալով, — դուք բոլորդ էլ մի փոքր հապաղեցիք շարք մտնել…

Երամով մեկ կայծակի արագությամբ մի միտք անցավ․ այս թռչունները Աքսորյալներ են, եւ նրանք վերադարձել են։ Բայց չէ որ դա… դա չի կարող պատահել։ Երամի շփոթվածության շնորհիվ կռվի մասին Ֆլեթչերի նախագուշակությունները չիրականացան։

— Դե լավ, ասենք, թե նրանք Աքսորյալներ են, — ասաց երիտասարդ ճայերից մեկը, — բայց ինչ կա որ, այնուամենայնիվ հետաքրքիր է, չէ՞, թե որտե՞ղ են նրանք սովորել այդպես թռչել։

Գրեթե մի ժամ պահանջվեց, մինչեւ որ Երամով մեկ կանցներ Տոհմապետի հրամանը․ արհամարել նրանց։ Աքսորյալի հետ խոսող ճայը ինքն էլ է դառնում Աքսորյալ։ Աքսորյալնին նայողը խախտում է Երամի օրենքը։ Այդ պահից ճայերն իրենց գորշափետուր թիկունքներն էին դարձնում Ջոնաթանին, բայց նա կարծես ոչինչ չէր նկատում։ Նա գործնական պարապմունքներն անցկացնում էր հենց Խորհրդի Ափին եւ առաջին անգամ սկսեց քամել իր աշակերտներին մինչեւ նրանց հնարավորությունների վերջին սահմանը։

— Մարտին, — կանչում էր նա երկնքից, — դու ասում ես, թե գիտես ցածր արագությամբ թռչել։ Դու ոչինչ չգիտես, քանի դեռ չես ապացուցել դա, ԹՌԻՐ։

Այդ այնքան փոքրիկ, սուսիկ֊փուսիկ Մարտին Ուիլյամ Ճայը համառորեն ջանում ու ջանում էր՝ վախենալով ուսուցչի զայրույթից, եւ ինքն էլ հանկարծակիի եկավ, երբ հրաշքներ գործեց ցածր արագության թռիչքների մեջ։ Առանց մի թեւաբախման նա կարողացավ փետուրները կորացնելով վեր բարձրանալ ավազից ու նորից ցած իջնել։

Իսկ Չարլզ֊Ռոլանդը բարձրացավ Հողմերի Մեծ Լեռան կատարը՝ քսանչորս հազար ոտնաչափ եւ ցուրտ, նոսր օդից կապտած իջավ ապշահար ու երջանիկ, վաղն եւեթ ավելի բարձր թռչելու վճռականությամբ լի։

Ֆլեթչեր Ճայը, որն ամենից ավելի ձեւավոր թռիչքներ էր սիրում, դժվարությամբ հաղթահարեց իր տասնվեցպտույտանի ուղղահայաց, դանդաղեցված գալարաթռիչքը, իսկ հաջորդ օրը կրկնեց այն թեւի վրայով դարձնող եռակի պտույտով։ Արեւի ճերմակ շողերի մեջ նրա փետուրները կայծկլտում էին՝ ցոլքեր սփռելով ափին, որտեղից բազմաթիվ աչքեր հետեւում էին նրան։

Ջոնաթանը միշտ հասցնում էր լինել իր աշակերտներից յուրաքանչյուրի կողքին, ցույց տալ, խորհուրդ տալ, ազդել նրանց վրա, ուղղություն տալ։ Նա աշակերտների հետ թռչում էր եւ գիշերը, եւ ամպոտ եղանակին, եւ փոթորկի ժամանակ, թռչում էր հենց միայն թռչելու համար, իսկ նույն այդ ժամանակ Երամը տխուր կուչ էր գալիս ու սեղմվում գետնին։

Թռչել֊վերջացնելուց հետո աշակերտները հանգստանում էին ավազին, ժամանակի հետ նրանք ավելի ու ավելի ուշադիր էին լսում Ջոնաթանին։ Նա ինչ֊որ խենթ գաղափարներ ուներ, որ իրենք չէին կարողանում հասկանալ, բայց կային նաեւ ինչ֊որ լավ բաներ, որ հասկանալի էին։

Գիշերները աշակերտների խմբի շուրջը աստիճանաբար մի ուրիշ շրջան էր գոյանում, հետաքրքրասեր ճայերի շրջանը, որոնք ժամեր շարունակ ականջ էն դնում խավարում եւ, չցանկանալով նկատել մյուսներին ու նկատվել որեւէ մեկի կողմից՝ անհետանում էին լուսաբացից առաջ։

Նրանց վերադարձից մի ամիս անց միայն Երամի առաջին ճայը խախտեց֊անցավ սահմանը եւ հարցրեց, թե ինչպե՞ս կարելի է սովորել թռչել։ Այդ հարցնելով Թերրենս Լոուել Ճայը դարձավ Աքսորյալ եւ Ջոնաթանի ութերորդ աշակերտը։

Հաջորդ գիշեր Երամից անջատվեց Քիրք Մեյնըրդ Ճայը․ ավազի վրա կողքից֊կողք օրորվելով ու ձախ թեւը քարշ տալով՝ եկավ ու փլվեց Ջոնաթանի ոտքերի մոտ։ — Օգնիր ինձ, — ասաց նա այնքան կամացուկ, ասես մեռնում էր, — աշխարհում ամենից ավելի ես թռչել եմ ուզում։

— Դե ինչ, առաջ արի, — ասաց Ջոնաթանը, — ինձ հետ միասին բարձրացիր գետնից եւ սկսենք։

— Դու ինձ չհասկացար։ Թեւս, ես չեմ կարողանում թեւս շարժել։

— Մեյնըրդ Ճայ, դու ազատե ս այստեղ եւ այժմ լինելու այնպիսին, ինչպիսին քո ես֊ն է, քո իսկական ես֊ը, եւ ոչինչ չի կարող խանգարել քեզ։ Դա Մեծ Ճայի օրենքն է, եւ օրենքն այդպիսին է։

— Դու ասում ես, որ ես կարո՞ղ եմ թռչել։

— Ես ասում եմ, որ դու ազատ ես։

Այնպես պարզ ւկ արագ, ինչպես ասվել էր, Քիրք Մեյնըրդն առանց մի ճիգի տարածեց թեւերը եւ բարձրացավ դեպի գիշերային խավար երկինքը։ Երամն արթնացավ նրա ձայնից․ հինգ հարյուր ոտնաչափ բարձրությունից նա ողջ ուժով ճչում էր․ — ես կարող եմ թռչել, լսո՞ւմ եք։ ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ ԹՌՉԵԼ։

Արեւածագին շուրջ հազար ճայեր շրջապատել էին աշակերտների խմբին եւ հետաքրքրությամբ նայում էին Մեյնըրդին։ Նրանց հոգն էլ չէր՝ տեսնում են իրենց, թե ոչ, նրանք լսում էին Ջոնաթանիի եւ փորձում հասկանալ նրա ասածները։

Նա խոսում էր շատ պարզ բաների մասին՝ որ ճայն իրավունք ունի թռչելու, որ ազատությունը նրա բուն իսկ էության մեջ է, որ պետք է թոթափել ազատությանը խոչընդոտող ամեն ինչ, լինի դա սովորույթ, նախապաշարմունք, թե ցանկացած կարգի սահմանափակում։

— Թոթափե՞լ — լսվեց բազմության միջից, — եթե նույնիսկ դա Երամի օրե՞նքը լինի։

— Միակ ճշմարիտ օրենքն այն է, որ տանում է դեպի ազատություն, — ասաց Ջոնաթանը, — ուրիշ օրենք չկա։

— Իսկ մենք դեռ ինչքա՞ն պիտի սպասենք, մինչեւ կարողանանք քեզ պես թռչել, — լսվեց մի ուրիշ ձայն։ — Ախր դու յուրահատուկ ես, տաղանդավոր, աստվածային, դու վեր ես մյուսներից։

— Նայեք Ֆլեթչերին, Լուոելին, Չարլզ֊Ռոլանդին, Ջուդի Լիին, նրանք նույնպես յուրահատուկ են, տաղանդավոր, աստվածվյին։ Ոչ ավելի, քան դուք, ոչ ավելի, քան ես։ Միակ, մեն ու միակ տարբերությունն այն է, որ նրանք սկսել են հասկանալ, թե ով են իրենք իրականում եւ սկսել են այդպես ապրել։

Նրա աշակերտները, բացառությամբ Ֆլեթչերի, դժվարանում էին գլուխ հանել այդ ամենից։ Նրանց մտքով իսկ չէր անցել, որ դա հենց այն էր, ինչ իրենք անում էին։

Ամբոխն օրեցօր մեծանում էր․ գալիս էին հարցնելու, մեծարելու, ծաղրելու։

— Երամում խոսում են, որ եթե դու Մեծ Ճայի Որդին չես, — մի առավոտ, Բարձր Արագության Վարժանքից հետո, պատմում էր Ֆլեթչերը Ջոնաթանին, — ապա հազար տարով առաջ ես անցել քո ժամանակից։

Ջոնաթանը հոգոց հանեց․ «Ահա տգիտության պտուղները, — մտածեց նա։ — Քեզ սատանա են անվանում կամ աստված»։

— Ի՞նչ ես կարծում, Ֆլեթչ, մենք առա՞ջ ենք անցել մեր ժամանակից։

Երկա՜ր լռություն տիրեց։

— Իմ կարծիքով թռիչք ասվածը միշտ էլ գոյություն է ունեցել յուրաքանչյուրի համար, ով ցանկացել է այն գտնել։ Դա ոչ մի կապ չունի ժամանակի հետ։ Թերեւս մենք առաջ ենք անցել ընդունվացից, առաջ ենք անցել այն ճանապարհին, որը տանում է դեպի բոլոր ճայերի թռիչքը։

— Ահա թե ինչ — ասաց Ջոնաթանը՝ ճոճվելով թռիչքի գնալիս եւ ապա մի պահ շրջվելով, — եւ հետո, դա ամենեւին էլ վատ չէ, ինչպես նաեւ քո ժամանակից առաջ ընկնելը։

Դա պատահեց ուղիղ մի շաբաթ անց, Ֆլեթչերը մի խումբ նոր աշակերտների ցուցադրում էր բարձր արագության թռիչքի տարրերը։ Յոթ հազար ոտնաչափ բարձրության վրա նա դեռ նոր էր դուրս եկել խոյաթռիչքից եւ երկար ու գորշ մի հետագիծ թողնելով դեռ սլանում էր ափից մի քանի մատնաչափի վրա, երբ իր առաջին թռիչքն անող մի ջահել ճայ մորը կանչելիս ուղիղ հայտնվեց նրա ճանապարհին։ Գոնե մեկ֊տասներորդական վայրկյանով պատանուց խույս տալու համար Ֆլեթչեր Լինդ Ճայը կտրուկ կերպով մեծ դժվարությամբ նետվեց դեպի ձախ եւ ժամում երկու հարյուր մղոնից ավելի արագությամբ խոյացավ դեպի գրանիտե կարծր ժայռը։

Ժայռը նրան մի այլ աշխարհ տանող հսկայական, ծանր դուռ թվաց։ Այրող սարսափ, հարված ու խավար, իսկ հետո չգիտես ինչպես ինքը հայտնվել էր մի տարօրինակ երկնքում, մոռանում էր, հիշում, նորից մոռանում, սարսափելի էր, տխուր ու ցավալի, անասելիորեն ցավալի։

Ձայնը նրան հասավ ինչպես այն առաջին օրը, երբ ինքը հանդիպեց Ջոնաթան Լիվինգսթոնին։

— Բանն այն է, Ֆլեթչեր, որ մենք համբերությամբ փորձում ենք հաղթահարել մեր հնարավորությունների նախապես տրված սահմանները։ Մենք դեռեւս չենք սովորել ժայռերի միջով թռչել, դրան պիտի հասնենք քիչ ավելի ուշ։

— Ջոնաթան։

— Անվանյալ նաեւ Մեծ Ճայի Որդի, — խստորեն ասաց ուսուցիչը։

— Դու այստեղ ի՞նչ ես անում։ Ժայռը։ Ես արդեն… Մի՞թե ես… մի՞թե չեմ մեռել։

— Ախ, Ֆլեթչ, ուշքի եկ։ Մտածիր։ Եթե դու այժմ խոսում ես ինձ հետ, ուրեմն պարզ է, որ չես մեռել, այնպես չէ՞։ Քեզ հետ կատարվածն այլ բան չէ, քան այն, որ քո գիտակցության մակարդակը պարզապես կտրուկ կերպով փոխվել է։ Հիմա ինքդ ընտրիր։ Ուղին այս է՝ դու կարող ես մնալ այստեղ եւ սովորել այս մակարդակում որն իրոք ավելի բարձր է, քան այն, որում դու ապրել ես, կարող ես նաեւ վերադառնալ եւ շարունակել աշխատանքդ Երամի հետ։ Ավագներն, իհարկե, հույս ունեին, որ մի ինչ֊որ աղետ կկատարվի եւ, չնայած դրան, ցնցվեցին սարսափից, բայց եւ գոհ, որ այդպիսի առիթ տվիր իրենց։

— Ես, իհարկե, ուզում եմ վերադառնալ Երամի մոտ։ Ես հենց նոր եմ սկսել պարապել նորեկների մի խմբի հետ։

Ֆլեթչերը ցնցեց գլուխը, տարածեց թեւերն ու բացեց աչքերը եւ գտավ իրեն ժայռի ստորոտում՝ իր շուրջը խմբված Երմաի կենտրոնում։ Հենց որ նա շարժվեց, ճայամբոխից ճիչ ու աղաղակների սարսափելի աղմուկ բարձրացավ։

— Նա կենդանի է։ Մեռած էր եւ հիմա կենդանի է։

— Մեծ Ճայի Որդին դիպավ ու կյանքի կոչեց նրան։

— Ոչ, նա հերքում է դա։ Նա դեւ է, ՍԱՏԱՆԱ։ Նա եկել է կործանելու Երամը։

Կատարվածը սարսափելի էր ազդել չորս հազար ճայերի ամբոխին, եւ օվկիանոսային փոթորկի նման թռչում էր նրանց ճիչը՝ ՍԱՏԱՆԱ։ Ապակեփայլ աչքերով, կտուցներն ամուր սեղմած, նրանք ավելի ու ավելի էին մոտենում՝ պատրաստ հոշոտելու։

— Դու քեզ ավելի լավ չէ՞իր զգա, եթե մենք հեռանայինք, Ֆլեթչեր, — հարցրեց Ջոնաթանը։

— Ես, իհարկե, բոլորովին դեմ չէին լինի, որ մենք…

Մի ակնթարթում նրանք հայտնվեցին այդտեղից կես մղոն հեռավորության վրա, եւ ճայամբոխի պարզած կտուցները մխրճվեցին դատարկության մեջ։

— Ինչո՞ւ է այսպես, — տարակուսում էր Ջոնաթանը, — աշխարհում ամենադժվար բանը թռչունին համոզելն է, որ ինքն ազատ է, եւ որ ինքն իրեն կարող է ապացուցել դա, եթե մի քիչ մարզվի։ Ախր ինչո՞ւ է դա այդքան դժվար։

Ֆլեթչերը դեռ աչքերն էր թարթում՝ տեսարանի փոփոխությունից ապշած։ — Դու այս ի՞նչ արեցիր։ Ինչպե՞ս մենք հայտնվեցինք այստեղ։

— Դու ինքդ ասացիր, որ կուզեիր հեռու լինել ամբոխից, ճի՞շտ է։

— Այո, բայց ինյպե՞ս ես…

— Ինչպես ցանկացած այլ բան, Ֆլեթչեր՝ վարժանք։


Առավոտյան Երամն արդեն մոռացել էր իր երեկավ խելացնորությունը, բայց Ֆլեթչերը հիշում էր այն։ — Ջոնաթան, հիշո՞ւմ ես, թե ինչ էիր ասում այն ժամանակ Երամի հանդեպ ունենալիք այնպիսի սիրո մասին, որը կստիպի վերադառնալ նրանց մոտ եւ օգնել նրանց սովորելու։

— Այո, իհարկե։

— Չեմ հասկանում։ Ինչպե՞ս դու կարող ես սիրել թռչունների այդ ամբոխը, որն ուղղակի փորձում էր սպանել քեզ։

— Օհ, Ֆլեթչ, դու չէ՞ որ սիրում ես։ Դու, իհարկե, ատելությունն ու չարությունը չես սիրում։ Դու պարտավոր ես վարժվել եւ նրանցից ամեն մեկի մեջ բարին տեսնել, տեսնել ճշմարիտ ճային եւ օգնել նրանց իրենց մեջ հայտնաբերելու այն։ Ահա սիրո իմ ըմբռնումը։ Ուղղակի երջանկություն է, եթե հասել ես այդ անելու հմտությանը։

— Ես հիշում եմ մի տաքարյուն, երիտասարդ ճայի, ի դեպ, Ֆլեթչեր Լինդ է նրա անունը։ Հենց նոր Աքսորյալ դարձած, Երամի հետ կենաց ու մահու կռիվ տալու պատրաստ, նա իր սեփական դժոխքն էր պատրաստվում ստեղծել Հեռավոր Ժայռերի վրա։ Իսկ այսօր ահա նա իր սեփական երկինքն է ստեղծում դրա փոխարեն եւ ողջ Երամն առաջնորդում դեպի այստեղ։

Ֆլեթչերը շրջվեց ուսուցչի կողմը, նրա աչքերում մի պահ սարսափ հայտնվեց։ — Ես առաջնորդո՞ւմ եմ։ Դու ի՞նչ նկատի ունես ասելով, թե ես եմ առաջնորդում։ Այստեղ ուսուցիչը դու ես։ Դու չես կարող լքել մեզ, դա անկարելի է։

— Անկարելի՞ ասում ես։ Իսկ քո մտքով չի՞ անցնում, որ կարող են գոյություն ունենալ ուրիշ երամներ եւ ուրիշ Ֆլեթչերներ, որոնք ավելի շատ են ուսուցչի կարիք զգում, քան այս մեկը, որն արդեն կանգնած է դեպի լույս տանող ճանապարհին։

— … Մեծ Ճայի միակ Որդին, այնպես չէ՞, — հառաչեց Ջոնաթանը հայացքը ծովին հառելով։ Դու իմ կարիքն այլեւս չունես։ Դու անընդհատ ինքդ քեզ գտնելու կարիք ունես միայն, ամեն օր մի փոքր ավելին իմանալու իսկական, ոչնչով չսահմանափակված Ֆլեթչեր Լինգ Ճայի մասին։ Նա է քո ուսուցիչը։ Քեզ անհրաժեշտ է ճանաչել նրան եւ կյանքի կոչել։

Մի պահ անց Ջոնաթանի մարմինը կայծկլտալով տարուբերվեց ու սկսեց աստիճանաբար լուծվել օդում։ — Թույլ մի տուր նրանց հիմարություններ տարածել իմ մասին կամ աստվածացնել ինձ, լա՞վ, Ֆլեթչ։ Ես ճայ եմ, ես սիրում եմ թռչել, գուցե…

— ՋՈՆԱԹԱՆ։

— Խեղճ Ֆլեթչ։ Աչքերինդ մի հավատա, նրանք ամեն ինչ չէ, որ տեսնում են։ Դու մտքով նայիր, ի մի բեր ու խորն ըմբռնիր այն ամենն, ինչ արդեն գիտես եւ կտեսնես թռիչքի տանող ճանապարհը։

Շողարձակումը դադարեց։ Ջոնաթանն անհետացել էր երկնքի անհունում։

Որոշ ժամանակ անց Ֆլեթչերը, հազիվ պահելով իրեն երկնքում, ներկայացավ իրենց առաջին դասին սպասող աշակերտների նոր խմբին։

— Առաջին հերթին, — ծանրորեն ասաց նա, — դուք պետք է հասկանաք, որ ճայը ազատության համապարփակ գաղափարի մարմնացումն է, Մեծ Ճայի կերպարը, եւ ձեր ողջ մարմինը, մի թեւածայրից մինչեւ մյուսը, այլ բան չէ, քան ձեր միտքը։

Ջահել ճայերը տարակուսանքով էին նայում նրան։ «Հեյ, բարեկամ, — մտածում էին նրանք, — դա ամենեւին էլ օղակ կատարելու կանոն չէ»։

Ֆլեթչըրը հոգոց հանեց ու նորից սկսեց։ — Հըմ։ Ահ… Շատ լավ, — ասաց նա՝ քննդատաբար զննելով նրանց։ — Եկեք սկսենք Հորիզոնական թռիչքից։ — Եվ այդ ասելիս նա միանգամից հասկացավ, որ իր բարեկամն իրականում աստվածային էր ոչ ավելի, քան ինքը՝ Ֆլեթչը։

«Ուրեմն սահմաններ չկա՞ն, Ջոնաթան, — մտածեց նա։ — Դե ինչ֊ այդ դեպքում հեռու չէ այն ժամը, երբ ամպերի միջից կհայտնվեմ քո ափին ու քեզ մեկ֊երկու թռիչքաձեւեր ցույց կտամ»։

Ու թեեւ Ֆլեթչերը փորձում էր աշակերտներին նայել պահանջված խստությամբ, բայց եւ այնպես նա հանկարծ բոլորին տեսավ այնպիսին, ինչպիսին նրանք կային իրականում։ Դա մի պահ տեւեց միայն, բայց այդ ընթացքում նա ոչ միայն հավանեց, այլեւ սիրեց այն, ինչ տեսավ։ «Ուրեմն սահմաններ չկա՞ն, Ջոնաթան», մտածեց նա եւ ժպտաց։ Սովորելու իր երթն սկսված էր։

Մաս չորրորդ

Այն բանից հետո, երբ Ջոնաթան Ճայն անհետացավ Երամի ափերից, մի քանի տարի դա թռչունների ամենատարօրինակ բազմությունն էր, որ երբևէ ապրել էր երկրի վրա: Նրանցից շատերն իսկապես սկսել էին հասկանալ նրա ուղերձը, և մեջքի վրա թռչող ու օղակների վարժանքներ անող երիտասարդ ճայի հանդիպելը նույնքան սովորական էր, որքան աչքերը թռիչքի հրաշքի դեմ բացել չցանկացող մի ծեր ճայի տեսնելը, որն իր հավերժական-միապաղաղ գծով հավասարվում էր ձկնորսանավերին` թրջված հացով ընթրելու հույսով:

Ֆլեթչեր Լինդ Ճայն ու Ջոնաթանի մյուս աշակերտները միսիոներական երկար ուղևորություններով իրենց ուսուցչի` ազատության ու թռիչքի մասին ուսմունքը տարածում էին Ափեզրի բոլոր երամների մեջ:

Զարմանալի իրադարձություններ էին տեղի ունենում այդ օրերին: Ֆլեթչերի աշակերտները և այդ աշակերտների աշակերտները անթերի էին թռչում ու այնպիսի հրճվանքով, որի նմանը երբևէ չէր եղել նախկինում: Պատահում էին թռչուններ, որոնք մարզվելիս ավելի լավ էին ձևավոր թռիչքներ կատարում, քան Ֆլեթչերը, երբեմն նույնիսկ ավելի լավ, քան ինքը Ջոնաթանն էր դրանք կատարել: Խիստ նպատակասլաց ճայերի առաջադիմության կորն արագորեն անցնում էր ցանկացած գրաֆիկից: Երբեմն պատահում էին աշակերտներ, որոնք այնպես էին հաղթահարում ցանկացած սահմանափակում, որ, ինչպես Ջոնաթանը, անհետանում էին Երկրից, որն արդեն սահմանափակ էր իրենց ընդգրկելու համար:

Որոշ ժամանակ դա ոսկեդար էր: Ճայերի բազմությունները խռնվում էին Ֆլեթչերի շուրջ` դիպչելու համար նրան, ով դիպել էր Ջոնաթան Ճային` մեկին, ում նրանք այժմ աստվածային էին համարում: Իզուր էր Ֆլեթչերը պնդում, թե Ջոնաթանը իրենց բոլորի պես մի ճայ էր, ով սովորել էր, ինչպես իրենք բոլորը կարող էին սովորել: Նրանք ամենուր հետևում էին Ֆլեթչերին` լսելու համար Ջոնաթանի ճշգրիտ բառերը, տեսնելու նրա ճշգրիտ ժեստերը, բացահայտելու փոքրագույն մանրամասները նրա մասին: Որքան ավելի էին նրանք մանրուքներ մուրում, այնքան ավելի շատ Ֆլեթչերն իր տեղը չէր գտնում: Թեև մի ժամանակ նրանք ձգտում էին ուղերձն իրագործել… մարզվել ու թռչել երկնքում` արագընթաց, ազատ ու հիասքանչ… այժմ սկսել էին խուսափել դժվար աշխատանքից ու մի տեսակ խելացնոր հայացքով կլանում էին Ջոնաթանի շուրջ հյուսված լեգենդները, ասես նա ֆան-ակումբի կուռք լիներ:

— Ճա՛յ Ֆլեթչեր,- հարցնում էին նրանք,- Մեծն Ջոնաթանն ի՞նչ է ասել` «Մենք իրականում Մեծ Ճայի գաղափարի մարմնացումն ենք…», թե՞ «Մենք փաստորեն Մեծ Ճայի գաղափարի մարմնացումն ենք…»:

— Խնդրեմ, ինձ Ֆլեթչեր անվանեք: Պարզապես Ֆլեթչեր Ճայ,- պատասխանում էր նա` սարսափած, որ նրանք կսկսեն մեծարանքի բառերով դիմել իրեն:- Եվ ի՞նչ տարբերություն, թե ինչ բառ է նա գործածել: Երկուսն էլ ճիշտ են` մենք Մեծ Ճայի գաղափարի մարմնացումն ենք…

Նա գիտեր, սակայն, որ ճայերը բավարարված չէին ու մտածում էին, թե ինքը խուսափում է պատասխանից:

— Ճա՛յ Ֆլեթչեր, Աստվածային Ճայ Ջոնաթանը թռիչքի գնալիս մի՞ քայլ էր առնում քամուն հակառակ… թե՞ երկու:

Մինչ նա կհասցներ մի հարցը ճշգրտել, մյուսը վրա էր բերում:

— Ճա՛յ Ֆլեթչեր, Սուրբ Ճայ Ջոնաթանի աչքերը մոխրագու՞յն էին, թե՞ ոսկեգույն:

Հարց տվողը՝ մոխրագույն աչքերով մի թռչուն, անձկությամբ մի պատասխան էր միայն ակնկալում:

— Չգիտեմ: Մոռացի՛ր նրա աչքերի մասին: Նրա աչքերը… ծիրանագույն էին: Դա ի՞նչ նշանակություն ունի: Այն, ինչ նա եկավ ասելու մեզ, այն էր, որ կարող ենք թռչել, եթե միայն արթնանանք ու դադարենք շուրջանակի կանգնած մնալ ափին՝ խոսելով ինչ-որ մեկի աչքերի գույնի մասին: Իսկ հիմա նայե՛ք, ես ձեզ ցույց կտամ Պտտանը…

Ճայերից շատերը, սակայն, հոգնեցուցիչ համարելով այնպիսի դժվար մի թռիչքաձևի վարժանքը, ինչպիսին Պտտանն է, թռան տուն՝ մտորելով. «Ուրեմն՝ Մեծը ծիրանագույն աչքեր է ունեցել, ոչ այնպիսին, ինչպիսին իմն են, ոչ այնպիսին, ինչպիսին ունեցել է երբևէ ապրած որևէ ճայ»:


Տարիների հետ պարապմունքներն էլ էին փոխվել` թռիչքի լայնաճախր բանաստեղծությունից մինչև Ջոնաթանի մասին կամացուկ խոսակցությունները վարժանքներից առաջ և հետո, մինչև Աստվածայինի մասին երկար-պաճուճազարդ ճամարտակությունները` ավազին կպած, առանց այլևս որևէ մեկի կողմից թռիչքներ գործելու:

Ֆլեթչերն ու Ջոնաթանի մյուս աշակերտները մտահոգ էին, վիճակը շտկելու վճռականությամբ լի, նաև խստապահանջ էին ու վրդովմունքով լի այդ փոփոխությունների դեմ, բայց անկարող էին կանգնեցնել այդ ընթացքը: Նրանց պատվում էին, ավելի վատ` խոնարհվում էին նրանց առաջ, բայց նրանց այլևս չէին լսում: Իսկ թռչել սովորող ճայերը պակասում ու պակասում էին:

Առաջին Աշակերտները մեկը մյուսի հետևից հեռանում էին` սառած դիեր թողնելով իրենցից հետո: Երամը, ճանկելով մարմինները, սգո մեծ արարողություններ էր կատարում` թաղելով նրանց գլաքարե հսկայական բուրգերի տակ. սպանիչ հանդիսավոր կեցվածքով թռչուններից ամեն մեկը սգո երկար ճառից հետո մի գլաքար էր դնում: Քարե բուրգերը սրբավայրեր էին դարձել, և ամեն ճայի համար, ով Միասնության էր ձգտում, բուրգի վրա մի գլաքար դնելն ու վշտի խոսք ասելը անհրաժեշտ ծես էր: Ոչ ոք չգիտեր` ինչ է Միասնությունը, բայց այն այնքան խոր մի բան էր, որ ճայը երբեք չէր կարող հարցնել այդ մասին առանց հիմար երևալու: Չէ՞ որ բոլորը գիտեն` ինչ է Միասնությունը, և որքան ավելի գեղեցիկ լինի Ճայ Մարտինի շիրմին դրածդ գլաքարը, այնքան ավելի մեծ կլինի այն գտնելու քո հնարավորությունը:

Ֆլեթչերն ամենավերջինը հեռացավ: Դա պատահեց երկար ու միայնակ մի թռիչքի մեջ, անթերի ու ամենագեղեցիկ թռիչքի, որ նա երբևէ կատարել էր կյանքում: Նրա մարմինն անհետացավ ուղղահայաց դանդաղ երկար գալարաթռիչքի կեսին, մի թռիչքաձև, որի վրա աշխատել էր Ջոնաթան Ճային հանդիպելուց ի վեր: Անհետանալիս էլ գլաքար դնելով չէր զբաղված կամ խոկանքի տրված «Միասնություն» բառով: Նա պարզապես լուծվեց իր իսկ թռիչքի կատարելության մեջ:

Երբ հաջորդ շաբաթ Ֆլեթչերը չերևաց ափում, երբ անհետացավ առանց մի նշան թողնելու, Երամը կարճատև վախի ու խուճապի մատնվեց:

Բայց հետո նրանք հավաքվեցին, մտածեցին ու որոշեցին, թե ինչ պետք է տեղի ունեցած լիներ: Հայտարարվեց, որ Ճայ Ֆլեթչերին տեսել են Յոթ Առաջին Աշակերտներով շրջապատված կանգնած այն վայրում, որն այսուհետ Միասնության Ժայռ է կոչվելու, այնուհետև ամպերը բացվել են, և Մեծ Ճայ Ջոնաթան Լիվինգսթոնն ինքը, արքայական փետուրներով ու ոսկե խեցիներով հանդերձված, գլխին` թանկարժեք գլաքարերից թագը` այդպիսով երկինքն ու ծովը, քամին ու հողը խորհրդանշելով, վեր` դեպի Միասնության Ափ է կանչել նրան, և Ֆլեթչերը հրաշքով երկինք է բարձրացել` սուրբ լույսերի մեջ, ապա ամպերը կրկին ծածկել են տեսարանը վեհասքանչ երգչախմբի ճայաձայն երգեցողության հնչյունների ներքո:

Միասնության Ժայռի վրա Ճայ Ֆլեթչերի սուրբ հիշատակի բուրգը ամենամեծ քարակույտը դարձավ աշխարհի որևէ ափում եղածների մեջ: Ամենուր բարձրացվեցին նաև այլ քարակույտեր` դրա ծիսական կրկնօրինակները: Ամեն երեքշաբթի ճաշից հետո Երամը հավաքվում էր քարակույտի շուրջ` Ջոնաթան Լիվինգսթոն Ճայի ու նրա Աստվածային Շնորհալի Աշակերտների գործած հրաշքների մասին լսելու: Թռչելու մեջ ոչ ոք այլևս ավելին չէր անում, քան բացարձակ անհրաժեշտությունն էր, իսկ երբ անհրաժեշտ էր լինում այդ անել, նրանք դրա հետ կապված տարօրինակ սովորույթներ էին հորինում: Որպես իրենց դիրքի որոշակի խորհրդանշան` ավելի հարուստ թռչուններն սկսեցին ճյուղեր կրել իրենց կտուցներում: Որքան ավելի մեծ ու ծանր ճյուղ էր ճայը կրում, այնքան ավելի մեծ կշիռ էր ձեռք բերում Երամում: Որքան մեծ էր ճյուղը, այնքան ավելի լավ թռչող էր նա համարվում:

Ճայերի հասարակության մեջ քչերն էին նկատում, որ ծանր ճյուղերի բեռը իրենց հետ կրելով` առավել ավանդապահ ճայերը տագնապեցնող թռչողների էին վերածվում:

Ողորկ գլաքարը դարձավ Ջոնաթանի ուսմունքի խորհրդանիշը: Ավելի ուշ դա կարող էր լինել ամեն մի մաշված քար: Հնարավոր ամենավատ խորհրդանիշը այն թռչնի համար, ով եկել էր թռիչքի ուրախությունը սովորեցնելու, բայց դա կարծես թե ոչ ոք չէր նկատում, ամեն դեպքում ոչ մեկը, ով կարևորություն ունենար Երամում:

Երեքշաբթի օրերը բոլոր թռիչքները դադարեցվում էին, և անհամար ճայերի ամբոխը հավաքվում էր` կանգնելու ու լսելու Երամի Պաշտոնապես Երաշխավորյալ Աշակերտի արտասանությունը: Ընդամենը մի քանի տարում այդ արտասանությունը, բազմաբարդվելով ու քարանալով, գրանիտե դոգմայի էր վերածվել. «Սբ-Ճակ-Ջոնաթակ-Մեծ-Ճակ-Միասնակ-ողորմ-մեզ-որ-չնչին-քան-ավազների-լուն…»: Եվ այսպես ժամեր շարունակ, ամեն երեքշաբթի: Երաշխավորյալի բարձրագույն վարպետության նշան էր համարվում այն շուտասելուկի պես արտասանել կարողանալը, այնպես, որ բառերն արդեն չէին էլ ընկալվում: Որոշ հանդուգն թռչուններ շշնջում էին, որ ամեն դեպքում այդ հնչյունաշարը ոչինչ չէր նշանակում, եթե անգամ ինչ-որ մեկին ի վերջո հաջողվում էր դրանում մեկ-երկու բառ առանձնացնել:

Ջոնաթանի` ավազաքարի վրա կտցահարվածներով փորագրված պատկերները` ծիրանագույն խեցուց մեծ ու տխուր աչքերով, հառնում էին ափի ողջ երկայնքով` դամբանական թե ծիսական յուրաքանչյուր բուրգի մոտ` պաշտամունքի կենտրոններ, որոնցում արարողություններն ավելի ծանր էին, քան նույնիսկ ժայռերը կարող էին խորհրդանշել:

Երկու հարյուր տարուց էլ քիչ ժամանակում Ջոնաթանի ուսմունքի գրեթե բոլոր տարրերը ամենօրյա վարժանքներից հանվեցին մի պարզ հայտարարությամբ, թե դրանք Սուրբ են և հասանելի չեն սովորական ճայերին` չնչին-քան-ավազների-լուն: Ջոնաթան Ճայի անվան շուրջ հյուսվող ծեսերն ու արարողությունները ժամանակի հետ ավելի ու ավելի մոլեռանդ էին դառնում: Ամեն մի մտածող ճայ օդում փոխում էր թռիչքի ուղղությունը` ծեսերի ու սնոտիապաշտության բուրգերի մոտակայքում իսկ չհայտնվելու համար, բուրգեր` բարձրացված այն ճայերի կողմից, որոնք անհաջողության համար արդարացումները նախընտրում էին ծանր աշխատանքից ու թռիչքի վեհությունից: Մտածող ճայերը, որքան էլ հակասական թվա, լսելուն պես փակում էին իրենց միտքը որոշ բառերի նկատմամբ`«Թռիչք», «Բուրգ», «Մեծ Ճայ», «Ջոնաթան»: Ցանկացած այլ նյութի դեպքում նրանք մինչև իսկ Ջոնաթանից ոչ պակաս պայծառ մտքի տեր, ազնիվ ու ուղղամիտ թռչուններ էին, բայց նրա անվան կամ Երաշխավորյալ Աշակերտների կողմից այնքան ծեծված մեկ այլ բառի հիշատակման դիմաց նրանց միտքը լյուկի դռնակի կտրուկ շրխկոցով փակվում էր:

Հետաքրքրասեր լինելով` նրանք սկսեցին թռիչքներ փորձարկել, թեև երբեք չէին գործածում այդ բառը: «Դա թռիչք չէ,- նորից ու նորից համոզում էին նրանք իրենց,- դա պարզապես միջոց է ճշմարտությունը գտնելու»: «Աշակերտներին» մերժելով` նրանք, այսպիսով, իրենք էին դառնում աշակերտներ: Ջոնաթան Ճայի անունը մերժելով` իրագործում էին Երամին բերած նրա ուղերձը:

Դա աղմկոտ հեղափոխություն չէր. ո՛չ ճիչեր, ո՛չ ցուցապաստառների ճոճում: Բայց որոշ անհատներ, ինչպես օրինակ` հասունության փետուրը դեռ լրիվ չհագած Էնթոնի Ճայը, սկսել էին հարցեր տալ:

— Տեսե՛ք,- ասաց նա Երաշխավորյալ Աշակերտին,- այն թռչունները, որոնք ամեն երեքշաբթի գալիս են Ձեզ լսելու, երեք պատճառով են գալիս, այդպես չէ՞. քանի որ կարծում են, թե ինչ-որ բան են սովորում, քանի որ կարծում են, թե Բուրգի վրա ևս մի գլաքար դնելը իրենց սուրբ կդարձնի, կամ քանի որ բոլորը սպասում են, որ իրենք այնտեղ պիտի լինեն: Ճի՞շտ է:

— Իսկ դու ոչինչ չունե՞ս սովորելու, թռչնա՛կս:

— Ո՛չ, սովորելու բան կա, բայց չգիտեմ, թե ինչ: Միլիոնավոր գլաքարերն անգամ չեն կարող ինձ սուրբ դարձնել, եթե ես արժանի չեմ դրան, և ինձ համար մեկ է, թե մյուս ճայերն իմ մասին ինչ կմտածեն:

— Եվ ո՞րն է քո պատասխանը, թռչնա՛կս,- հարցրեց Երաշխավորյալը` փոքր-ինչ ցնցված այդ հերետիկոսությունից:- Դու ինքդ ինչպե՞ս կանվանես կյանքի հրաշքը: Մեծ-Ճայ-Ջոնաթանը-Սուրբ-Եղիցի-Անուն-Նորա ասել է, որ թռիչքը…

— Կյանքը հրաշք չէ, Երաշխավորյա՛լ, այն ձանձրույթ է: Ձեր Մեծ Ճայ Ջոնաթանն էլ ընդամենը առասպել է` ինչ-որ մեկի կողմից հնում հորինված, հեքիաթ, որին հավատում են թույլերը, քանի որ անկարող են ընդունել աշխարհն այնպիսին, ինչպիսին կա: Պատկերացնել միայն` ճայ, որը կարողանում էր թռչել ժամում երկու հարյուր մղոն արագությամբ: Փորձել եմ, և ամենաարագը, որ կարողանում եմ, հիսունն է վարընթաց խոյաթռիչքում, և այն էլ մեծ մասամբ կառավարումս կորցրած եմ լինում: Թռիչքի օրենքներ կան, որոնք հնարավոր չէ խախտել, իսկ եթե համաձայն չես, գնա ու փորձիր: Դուք անկեղծորեն հավատում եք, որ ձեր Մեծ Ջոնաթան Ճայը թռել է ժամում երկու հարյուր մղոն արագությա՞մբ:

— Եվ ավելի արագ,- ասաց Երաշխավորյալը կատարելապես կույր հավատով:- Եվ սովորեցնում էր մյուսներին:

— Դա ձեր հեքիաթն է: Երբ ինքներդ կարողանաք ցույց տալ ինձ, որ կարող եք այդքան արագ թռչել, այդ ժամանակ կլսեմ Ձեր ասածները, Երաշխավորյա՛լ:

Ահա բանալին: Էնթոնի Ճայը դա հասկացավ հենց այդ բառերը ասելու պահին: Նա պատասխաններ չուներ, բայց գիտեր, որ ուրախությամբ ու երախտագիտությամբ կհետևեր ցանկացած թռչնի, ով կկարողանար ցուցադրել այն, ինչի մասին խոսում էր, ցույց կտար այն մի քանի պատասխանները, որոնք կգործեին, որոնք ուրախություն ու կատարելություն կբերեին ամենօրյա կյանքի մեջ: Իսկ քանի դեռ ինքը չի գտել այդ թռչնին, կյանքը կմնա գորշ ու մռայլ, տրամաբանությունից զուրկ ու աննպատակ, իսկ ամեն ճայ` արյան ու փետուրների` դեպի մոռացում ընթացող պատահական մի հավաքածու:

Էնթոնի Ճայը գնաց իր ճանապարհով, ինչպես անում էին ավելի ու ավելի մեծ թվով երիտասարդ թռչուններ` մերժելով ծեսերն ու արարողությունները, որոնցով դրվագվում էր Ջոնաթան Ճայի անունը, կյանքի անիմաստությունից տխուր, բայց գոնե իրենք իրենց հետ ազնիվ ու բավականաչափ խիզախ` ընդունելու համար, որ կյանքն անմիտ էր:

Մի օր էլ կեսօրից հետո Էնթոնին թևերը թափահարելով թռչում էր ծովի վրայով` անտարբեր մտորելով, որ կյանքն աննպատակ է, իսկ քանի որ «աննպատակը», ըստ սահմանման, «անիմաստն» է, միակ ճիշտ քայլը, ուրեմն, սուզվելն ու օվկիանոսում խեղդվելն է: Ավելի լավ է ընդհանրապես գոյություն չունենալ, քան գոյություն ունենալ առանց իմաստի ու ուրախության, ինչպես մի ջրիմուռ:

Դա իմաստ ուներ, դա հստակ տրամաբանություն էր, իսկ Էնթոնի Ճայն իր ողջ կյանքում փորձում էր ազնիվ լինել ու գործել տրամաբանված: Մեկ է, վաղ թե ուշ ինքը մեռնելու էր, ուրեմն ինչու՞ երկարաձգել ապրելու այս տանջալից ձանձրույթը:

Ու երկու հազար ոտնաչափ բարձրությունից նա խոյաթռիչքի նետվեց` ուղիղ դեպի ջուրը սլանալով ժամում մոտ հիսուն մղոն արագությամբ: Տարօրինակ թեթև ու ուրախ էր, որ վերջապես որոշում էր կայացրել: Ինքը գտել էր մի պատասխան, որն ամեն դեպքում ինչ-որ իմաստ ուներ:

Մահվան այդ խոյաթռիչքի մոտավորապես կես ճանապարհին, երբ ծովը ցածում սկսեց պտտվել ու ահագնանալով գալ իր վրա, ինչ-որ հզոր, սուլող շաչյուն կար ճիշտ իր աջ թևի հետևում, ապա ինչ-որ ճայ իրենից առաջ անցավ… այնպես, ասես ինքը կանգնած լիներ ափում: Ցած սուրացող ճերմակ լույսի շիթ էր մյուս թռչունը, տիեզեքից եկած, արագությունից անհստակ եզերվող երկնաքար: Էնթոնին ապշահար լարեց թևերը խոյաթռիչքն արգելակող դիրքում ու անօգնական զարմանքով հայացքը հառեց տեսարանին:

Կետը սահունորեն փոքրանում էր` դեպի ալիքների կատարը սուրալով, ապա շրջվեց ու կտրուկ վերելքի գնաց` կտուցն արդեն դեպի երկինք պարզած, ու պտտվեց: Պտտվեց երկար ուղղահայաց դանդաղ գալարաթռիչքի մեջ` հետո էլ մի անհնարին օղակ գծելով օդում:

Տեսածին սևեռված` Էնթոնին կորցրեց հավասարակշռությունն ու սկսեց ընկնել: Հետո էլի մոռացավ` որտեղ է, ու էլի անկման մատնվեց:

— Երդվում եմ,- ասաց նա բարձրաձայն,- երդվում եմ, որ ճայ էր:

Նա միանգամից շրջվեց դեպի մյուս թռչունը, որը կարծես թե իրեն չէր էլ նկատել:

— ՀԵ՜Յ,- որքան ուժ ուներ, կանչեց նա,- ՀԵ՜Յ, ՍՊԱՍԻ՜Ր:

Ճայն անմիջապես թեքվեց մի թևի վրա և ահռելի արագության տակ կտրուկ շրջադարձ կատարեց դեպի նա: Էնթոնին հորիզոնական թռիչքից դժվարությամբ անցավ ուղղահայաց կողաթեքման և կտրուկ կանգ առավ օդում, ինչպես դահուկորդն է կանգ առնում զառիթափ սահուղու ստորոտում:

— Հե՜յ,- շնչակտուր էր լինում Էնթոնին,- ի՞նչ… այդ ի՞նչ ես անում…

Հիմար հարց էր, բայց նա չգիտեր` ուրիշ ինչ ասի:

— Ների՛ր, եթե վախեցրի,- ասաց անծանոթը մի ձայնով, որ ջինջ ու բարեկամական էր, ինչպես քամին:- Ամբողջ ժամանակ ես քեզ իմ տեսադաշտում եմ պահել: Ուղղակի մի քիչ խաղով տարվեցի… Ես քեզ չէի վնասի:

— Ո՛չ, ո՛չ, դա չէ խնդիրը:- Էնթոնին կյանքում առաջին անգամ արթուն էր ու կենսալից, նա ոգեշնչված էր:- Ի՞նչ էր դա:

— Օ՜, մի փոքր թռիչք` հաճույքի համար: Վարընթաց խոյաթռիչք ու վերելք, անցում դանդաղ գալարաթռիչքի, վերջում էլ պտույտով օղակ: Միայն թե այդ ամենը միասին: Եթե իրոք ուզում ես ամեն ինչ լավ անել, դա փոքր-ինչ աշխատանք է պահանջում, բայց աչքին հաճելի տեսարան է, չե՞ս կարծում:

— Դա, դա… սքանչելի է, ահա թե ինչ է դա: Քեզ երբեք Երամի մոտերքում չեմ տեսել: Ո՞վ ես դու վերջապես:

— Կարող ես ինձ Ջոն անվանել:

Երկու խոսք

Վերջին գլուխը զարմանալի մի պատմություն չէ, թեև թվում է այդպիսին:

Ինչպե՞ս են դեպքերն անսպասելիորեն հայտնվում մարդու մտքում: Գրողները, ովքեր սիրում են իրենց աշխատանքը, ասում են, որ գաղտնիքը գրելու մոգության մասն է: Բացատրություն չկա:

Երևակայությունը հին հոգի է: Ոգեղեն մեկն ահա շշնջում է, կամացուկ պատմում է մի հրաշալի աշխարհի ու այնտեղի արարածների մասին` իրենց ուրախություններով ու տխրություններով, հուսահատություններով ու հաղթանակներով: Պատմությունն ավարտված է ու գեղեցիկ, միայն բառերը չկան: Գրողները պտտեցնում են պատկերները իրենց տեսած գործողությանը համապատասխան, վերհիշում են երկխոսությունները սկզբից մինչև վերջ: Մնում է միայն տառերը շարել, կետեր ու ստորակետեր դնել, և գիրքը պատրաստ է արագ սահքով մինչև գրավաճառների ձեռքը հասնելու:

Պատմությունները հանձնաժողովներով ու քերականությամբ չեն գրվում, դրանք մեր իսկ լռին երևակայությանը հպվող գաղտնիքի ծնունդն են: Հարցերը տարիներ շարունակ մտատանջում են մեզ, ու մի օր հանկարծ անհայտից տեղում է պատասխանների տարափը նետերի պես, որոնց աղեղը մենք երբեք չենք տեսնում:

Այդպես էր նաև այս դեպքում: Ես գրեցի-վերջացրի չորրոդ մասը, և Ջոնաթան Ճայի պատմությունը պատմվեց:

Այն ժամանակ ես նորից ու նորից կարդում էի չորրորդ մասը: Դա երբեք չէր կարող ճիշտ լինել: Մի՞թե ճայերը, որոնք հետևել էին Ջոնաթանի խոսքին, ծեսով կսպանեին թռիչքի հոգին:

Այդ գլուխն ասում էր` հնարավոր է: Ես դրան չէի հավատում: Երեք մասերը պատմել էին ամեն ինչ, մտածում էի, որ չորրորդ մասի անհրաժեշտությունը չկա, դատարկված երկինք, փոշոտ բառեր` խինդը գրեթե խեղդող: Հարկ չկա սա տպել:

Ուրեմն, ինչու՞ ես այն չայրեցի:

Չգիտեմ: Ես մի կողմ դրեցի այն. գրքի վերջին մասը հավատում էր ինքն իրեն, երբ ես չէի հավատում: Գիտեր այն, ինչը ես հրաժարվում էի ընդունել. որ կառավարողների բռնությունն ու ծեսը դանդաղորեն կսպանեն մեր ազատությունը` ապրելու ըստ մեր ընտրության:

Ժամանակ անցավ, կես դար, մոռացվեց:

Սաբրինան վերջերս էր գտել այն` պատռտված ու խունացած, գործնական անպետք թղթերի տակ ճմլված:

— Հիշու՞մ ես սա:

— Ի՞նչը,- հարցրի ես:- Ո՛չ:

Ես մի քանի պարբերություն կարդացի:

— Ա՛խ, այո՜, նման մի բան հիշում եմ: Սա այն…

— Կարդա՛,- ժպտալով ասաց նա, իր գտած հին ձեռագիրը նրան շատ էր հուզել:

Գրամեքենայի տառերը ջնջվել էին: Լեզուն իմ լեզվի արձագանքն էր բերում, այն օրերինը` զգալ տալով ինձ, թե ինչպիսին էի եղել այն ժամանակ: Դա իմ գրածը չէր, դա նրա գրածն էր, այդ երիտասարդինը` այն ժամանակից:

Ձեռագիրն ավարտվեց` համակելով ինձ նրա նախազգուշացումներով ու հույսերով:

— Ես գիտեի, չէ՞, թե ինչ եմ անում,- ասաց նա:- Ձեր այդ քսանմեկերորդ դարում ամենուր հեղինակությունների ու ծեսերի իշխանություն է, և հիմա այն անվերջ ձգում ու սեղմում է օղակը ազատությունը խեղդելու համար: Մի՞թե չես տեսնում: Այն ծրագրում է ձեր աշխարհը դարձնել ապահով, այլ ոչ` ազատ:

Նա ապրում էր իր պատմությունը, իր վերջին հնարավորությունը:

— Իմ ժամանակն անցել է,- ասաց,- քոնը` ոչ:

Վերջին գլուխը. ես նորից ու նորից մտածում էի այդ ձայնի մասին: Մի՞թե մենք իրոք ճայեր ենք` մեր աշխարհում ազատության վախճանին ականատես:

Չորրորդ մասը, վերջապես գրքում տեղ գտած, ասում է` գուցե թե ոչ: Այն գրվել է այն ժամանակ, երբ ոչ ոք չգիտեր գալիքը: Հիմա գիտենք:

Նարինջները

― Երկու ամենամեծ նարինջները ձեռքիդ կկանգնես փողոցի անկյունում, և երբ ավտոմեքենա անցնի կողքովդ, կժպտաս ու նարինջները կպարզես։ Եթե ցանկանան գնել՝ յուրաքանչյուրը հինգ ցենտ, ― ասաց հորեղբայր Ջեյքը, ― երեքը՝ տասը ցենտ, մի դյուժինը՝ երեսունհինգ։ Լայն կժպտաս, ― ասաց։ ― Լյո՛ւք, դու կարող ես ժպտալ, չէ՞։ Դու երբեմն ժպտալու շնորհք ունես, չէ՞։

Շատ չարչարվեց, որպեսզի ժպտա, բայց հորեղբայր Ջեյքը դեմքը ծամածռեց, ու նա հասկացավ, որ սարսափելի ժպիտ էր։ Հույս ուներ, որ կարող է որոշ մարդկանց նման բարձրաձայն ծիծաղել, միայն թե այդ մարդիկ իր նման վախեցած չէին, և ամեն ինչ փչացավ։

― Կյանքումս այսքան լուրջ տղա չեմ տեսել, ― ասաց հորեղբայր Ջեյքը, ― Լյո՛ւք։

Հորեղբայրն այնքան կռացավ, որպեսզի իրենց գլուխները հավասարվեն և ուղիղ նրա աչքերին նայի, ու շարունակեց հետը խոսել։

― Լյո՛ւք, ― ասաց, ― ոչ֊ոք նարինջ չի գնի, եթե չժպտաս։ Մարդիկ սիրում են տեսնել, թե ինչպես է փոքրիկ տղան ժպտում և նարինջ վաճառում։ Դա նրանց զվարճացնում է։

Նա լսում էր, թե ինչպես է հորեղբայրը խոսում, նայում էր նրա աչքերին և ըմբռնեց բառերը։ Բայց նա միայն զգում էր, որ Ջեյքն էլ է շփոթված։ Եվ տեսավ, թե ինչպես հորեղբայրը ոտքի ելավ ու տնքաց, հենց այնպես, ինչպես հայրն էր տնքում։

― Լյո՛ւք, ― ասաց հորեղբայրը, ― դու երբեմն կարող ես ծիծաղել, չէ՞։

― Չի կարող, ― ասաց Ջեյքի կինը։ ― Եթե այդքան վախկոտ չլինեիր, ինքդ կգնայիր ու նարինջները կվաճառեիր։ Դու էլ հիմա այն վիճակում ես, ինչ եղբայրդ, ― ասաց նա, ― հողի տակ, մեռած։

Սա էր, որ Լյուքին թույլ չէր տալիս ժպտալ․ այս կնոջ սովորական խոսելաձևը, ոչ բառերը, այլ ձայնի մեջ եղած ստորությունը, որով անընդհատ կշտամբում էր հորեղբայր Ջեյքին։ Եվ ինչպես կարող էր սպասել, թե Լյուքը կժպտա կամ լավ կզգա, եթե ինքն անընդհատ ասում էր, թե իրենք բոլորն էլ վատն են, ողջ ցեղը վատն է։

Ջեյքը հոր կրտսեր եղբայրն էր և նման էր հորը։ Իհարկե, Ջեյքի կինը միշտ ստիպված էր ասել, թե լավ է, որ հայրը մեռած է, հենց թեկուզ այն բանի համար, որ առևտրական գործերում պիտանի չէր։ Նա միշտ ասում էր Ջեյքին․

― Սա Ամերիկա է։ Պետք է շուրջդ նայես, մարդկանց հետ շփվես ու ստիպես, որ նրանք քեզ սիրեն։

Եվ Ջեյքը միշտ պատասխանում էր․

― Ստիպեմ, որ նրանք ինձ սիրե՞ն։ Ինչպե՞ս կարող եմ ստիպել, որ ինձ սիրեն։

Եվ կինը միշտ բարկանում էր ամուսնու վրա ու ասում․

― Օ՜հ, հիմարի մեկը։ Եթե հղի չլինեի, կգնայի Ռոզենբերգի մոտ աշխատելու և քեզ երեխայի նման կպահեի։

Ջեյքն էլ այն նույն հուսահատ հայացքն ուներ, ինչ Լյուքի հայրը, և միշտ ինքն իր վրա զայրանում էր ու ցանկանում, որ մյուսներն ուրախ լինեն։ Ջեյքը միշտ նրան խնդրում էր, որ ժպտա։

― Լա՛վ, ― ասաց Ջեյքը, ― լա՛վ, վա՛վ, սպանի՛ր ինձ, խենթացրո՛ւ։ Անպայման։ Կմեռնեմ, կմեռնեմ։ Տասն արկղ նարինջ, տանը ոչ մի պեննի և ուտելու ոչինչ։ Ավելի լավ է մեռնեմ։ Կանգնեմ փողոցում ու նարինջնե՞ր պարզեմ։ Գուցե մի սայլ առնեմ ու փողոցնե՞րն ընկնեմ։ Ոչ, ավելի շուտ կմեռնեմ։

Հետո Ջեյքը դեմքը ծամածռեց, և նա այնքան տխուր էր, կարծես աշխարհում այլևս ոչ ոք այդքան տխուր չէ, նույնիսկ Լյուքը, և տղան ուզում էր, որ հանկարծ լաց լինելու ցանկություն չունենա այն բանի համար, որ Ջեյքն այդքան տխուր է։ Եվ այդ ամենից հետո էլ Ջեյքի կինն այնպես կատաղեց, ինչպես երբեք ու սկսեց այնպես բղավել, ինչպես բղավում էր, երբ իսկապես կատաղած էր լինում, և կարելի էր զգալ, թե այդ ամենը որքան սոսկալի է, քանզի նա ոչ թե տխուր ձայնով էր բղավում, այլ՝ կատաղած, ու Ջեյքին հիշեցնում էր այն բոլոր հաշիվների և այն բոլոր անտանելի տարիների մասին, որ անցկացրել էր ու այն երեխայի մասին, որ պետք է ծնվեր և ասաց․

― Ինչի՞ համար, ո՞ւմ է հարկավոր, որ մի հիմար էլ աշխարհ գա։

Հատակին մի արկղ նարինջ կար, և նա վերցրեց երկու հատ ու լաց լինելով ասաց․

― Վառարանում կրակ չկա, այն էլ նոյեմբերին, բոլորս սառչում ենք։ Տունը պետք է մսահոտով բուրեր։ Ա՛ռ, կե՛ր։ Կե՛ր քո նարինջները։ Այնքան կեր, որ մեռնես, ― և նա լաց եղավ։

Ջեյքն այնքան տխուր էր, որ չէր կարող խոսել։ Նա նստեց, սկսեց ետ ու առաջ ճոճվել․ գժի պես էր։ Եվ դեռ ասում են ծիծաղիր։ Ջեյքի կինն էլ նարինջները ձեռքին անընդհատ դուրս ու ներս էր անում, լալիս էր ու երեխայի մասին խոսում։

Որոշ ժամանակ անց նա դադարեց լաց լինել։

― Այժմ նրան տար անկյունը, ― ասաց, ― և տես, գուցե կարողանա մի քիչ փող աշխատել։

Ջեյքն իսկապես խուլ էր․ ամեն դեպքում, այդպես էր թվում։ Նա նույնիսկ գլուխը չբարձրացրեց։ Եվ կինը բղավեց․

― Նրան տար անկյունը։ Ասա, որ ժպտա մարդկանց։ Մենք պետք է ուտենք։

Ի՞նչ իմաստ ունի ապրելը, երբ ամեն ինչ ապականված է, և ոչ ոք չգիտե, թե ի՞նչ պետք է անի։ Ի՞նչ կարիք կա դպրոց գնալ, թվաբանություն սովորել, բանաստեղծություններ կարդալ, բադրիջաններ նկարել և նման այլ բաներ։ Ի՞նչ օգուտ ցուրտ սենյակում նստել մինչև քնելու ժամը և լսել, թե ինչպես են Ջեյքն ու կինն անընդհատ կռվում, և քնելու գնալ ու լաց լինել, և արթնանալ ու տեսնել տխուր երկինքը, և զգալ սառը օդը ու դողալ, և դպրոց գնալ ու նախաճաշին հացի փոխարեն նարինջ ուտել։

Ջեյքը վեր թռավ ու սկսեց կնոջ վրա գոռալ։ Նա ասաց, որ կսպանի կնոջը և հետո դանակն իր սիրտը կխրի, և կինն ավելի շատ լաց եղավ, պատռեց շորը մինչև գոտկատեղն ու ասաց․ «Դե, ավելի լավ է բոլորս մեռնենք, սպանի՛ր», սակայն Ջեյքը նրան թևերի մեջ առավ, ու նրանք քայլեցին դեպի հարևան սենյակը, և Լյուքը լսում էր, թե ինչպես էր կինը լալիս ու համբուրում նրան ու ասում, որ նա պարզապես մի երեխա է, մի մեծ երեխա, և որ ինքը նրան մոր պես անհրաժեշտ է։

Տղան կանգնած էր անկյունում, և այդ ամենն այնպես արագ էր կատարվել, որ նա չէր զգացել, թե որքան է հոգնել, բայց շատ էր հոգնած ու սոված։ Նա նստեց։ Ի՞նչ օգուտ ունի ապրելը, եթե աշխարհում բոլորովին մենակ ես և ոչ մայր ունես ու ոչ էլ հայր և ոչ մեկը, որ քեզ սիրի։ Նա լաց լինելու ցանկություն ունեցավ, բայց ի՞նչ օգուտ լաց լինելուց, եթե դա ամեն դեպքում ոչ մի օգուտ չի տալու։

Որոշ ժամանակ անց Ջեյքը դուրս եկավ սենյակից և փորձեց ժպտալ։

― Այն ամենն, ինչ պետք է անես, ― ասաց, ― ձեռքումդ երկու մեծ նարինջ բռնելն ու ավտոմեքենայով մոտովդ անցնողներին առաջարկելն ու ժպտալն է։ Մի արկղ նարինջ վաճառելը քեզնից համարյա ժամանակ չի խլի, Լյո՛ւք։

― Կժպտամ, ― ասաց տղան, ― մեկը՝ հինգ ցենտ, երեքը՝ տասը, մի դյուժինը՝ երեսունհինգ։

― Այդքանը, ― ասաց Ջեյքը։

Ջեյքը նարինջների արկղը վերցրեց հատակից ու շարժվեց դեպի ետնամուտքը։

Փողոցում շատ տխուր էր։ Ջեյքի ձեռքին նարինջների արկղն էր, Լյուքը քայլում էր կողքից ու լսում, որ պետք է լայն ժպտա։ Երկինքը տխուր էր, ու ծառերին տերևներ չկային, և փողոցը տխուր էր, ու շատ ծիծաղելի էր․ նարինջների բույրը մաքուր էր ու դուրեկան, և դրանք այնքան գեղեցիկ էին, որ շատ ծիծաղելի էր։ Նարինջներն այնքան գեղեցիկ էին, իսկ իրենք՝ այնքան տխուր։

Վենտուրա փողոցի անկյունն էր, որտեղով անցնում էին բոլոր ավտոմեքենաները, և Ջեյքն արկղը մայթին դրեց։

― Միայն փոքր տղաների մոտ է լավ ստացվում, ― ասաց, ― պահել ու պատրաստ լինել ժպտալու կողքովդ ավտոմեքենաներով անցնող մարդկանց։

Թվում էր, թե երկար ժամանակ է անցել, երբ մի մեքենա տեսավ, որը քաղաքից գալիս էր ճիշտ դեպի իր կողմը, և երբ այն մոտեցավ, տեսավ, որ մի տղամարդ էր վարում մեքենան, իսկ ետևի նստատեղին մի տիկին էր երկու երեխաների հետ։ Նա շատ լայն ժպտաց, երբ նրանք շատ մոտ էին, սակայն չէր երևում, թե պատրաստվում էին կանգնել, և նա նարինջները ճոճեց ու ավելի մոտեցավ փողոցին։ Դեմքերը շատ մոտիկից տեսավ և մի քիչ ավելի լայն ժպտաց։ Շատ լայն չէր կարող ժպտալ, որովհետև դրանից այտերը հոգնում էին։ Նրանք չկանգնեցին և նույնիսկ չպատասխանեցին ժպիտին։ Ավտոմեքենայում նստած փոքրիկ աղջիկը դեմքը ծամածռեց՝ ցույց տալու համար, որ նա ոչինչ է։ Ի՞նչ օգուտ փողոցի անկյունում կագնել, փորձելով նարինջ վաճառել այն մարդկանց, ովքեր ծամածռում են դեմքերը, որովհետև դու ժպտում ես և ցանկանում դուր գալ։

Ի՞նչ օգուտ մկաններդ ցավեցնել հենց միայն այն բանի համար, որ մարդկանց մի մասը հարուստ է, իսկ մյուսները՝ աղքատ, և որ հարուստներն ուտում են ու ծիծաղում, իսկ աղքատները չեն ուտում և անընդհատ պայքարում են ու իրար ասում, որ պետք է դրանց սպանել։

Նա թևն իջեցրեց, դադարեց ժպտալ ու նայել հակահրդեհային ջրածորակին և դրա ետևի ջրհորդանին և ջրհորդանի ետևի փողոցին՝ Վենտուրային, փողոցի երկու կողմով ձգվող տներին, տներում եղած մարդկանց և փողոցի վերջում գտնվող գյուղին, որտեղ այգիներ ու մրգաստաններ էին, գետակներ ու մարգագետիններ և հետո լեռներ և լեռների ետևում ավելի շատ քաղաքներ ու ավելի շատ տներ, փողոցներ ու մարդիկ։ Ի՞նչ օգուտ կա ապրել աշխարհում, երբ նույնիսկ չես կարող հակահրդեհային ջրածորակին նայել առանց լաց լինելու ցանկության։

Մեկ այլ ավտոմեքենա էր գալիս փողոցն ի վեր, և նա բարձրացրեց թևն ու սկսեց նորից ժպտալ, սակայն երբ ավտոմեքենան անցավ կողքով, տեսավ, որ մարդը նույնիսկ իր կողմը չէր նայում։ Մեկը հինգ ցենտով նրանք կարող էին նարինջ ուտել։ Հաց ու միս ուտելուց հետո կարող էին նարինջ վայելել։ Կլպել, հոտոտել գեղեցիկ բուրմունքը և ուտել։ Կարող են կանգնեցնել մեքենաները և գնել երեք հատը տասը ցենտով։ Հետո մի այլ ավտոմեքենա անցավ կողքով, մինչ նա ժպտում էր ու թևը թափահարում, բայց մարդիկ նրան միայն նայեցին և՝ այդքանը։ Եթե գոնե պատասխանեին ժպիտին, այդքան վատ չէր լինի, որքան միայն կողքով անցնելն ու նույնիսկ չժպտալը։ Բազմաթիվ ավտոմեքենաներ անցան կողքով և, թվում էր, թե նա պետք է նստեր, դադարեր ժպտալ ու լաց լինել, քանի որ անտանելի էր։ Ու մի նարինջ էլ չէին ուզում և նրանց դուր չէր գալիս, որ նա այնպես էր ժպտում, որ հորեղբայր Ջեյքի ասելով, նրանց պետք է դուր գար։ Նրանք պարզապես տեսնում էին նրան և ոչինչ ավելի։

Արդեն բավականին մութ էր և, ինչից նա այդքան վախենում էր, ողջ աշխարհը կարող էր վախճանվել։ Գուշակեց, որ այդտեղ կանգնած կլինի՝ ձեռքը պարզած ու կժպտա, մինչև աշխարհի վերջը գա։

Նա պարզապես գուշակեց, որ այդ էր այն ամենը, ինչի համար ծնվել էր ինքը՝ կանգնել անկյունում ու մարդկանց պարզել նարինջները և այտերով գլորվող մեծ֊մեծ արցունքակաթիլներով ժպտալ նրանց մինչև աշխարհի վերջը, և ամեն ինչ սև է ու դատարկ, իսկ նա կանգնած ժպտում է, մինչև այտերը կցավեն, հետո լալիս է, որովհետև նրանք նույնիսկ չեն ցանկանում պատասխանել իր ժպիտին և, ինչից որ նա վախենում էր՝ ողջ աշխարհը կարող էր պարզապես ընկնել մթության գիրկը ու վախճանվել, և Ջեյքը մեռած կլիներ, ու նրա կինն էլ մեռած կլիներ, և բոլոր փողոցները, տները, մարդիկ, այլևս ոչ մի տեղ ոչ֊ոք չէր լինի, գոնե մի մարդ կամ մի դատարկ փողոց կամ մի մութ պատուհան և կամ փակ դուռ, որովհետև նրանք չէին ուզում նարինջ գնել և չէին ժպտում նրան, և ողջ աշխարհը կարող էր վախճանվել։

Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ: Նադեր Էբրահիմի

Ես մի փոքրիկ սիրտ ունեմ: Շատ փոքրիկ, շա՜տ-շա՜տ փոքրիկ:

– Մարդու սիրտը չպետք է դատարկ մնա, – ասում է տատիկը, – եթե դատարկ մնա, դատարկ ծաղկամանի նման տգեղ կլինի եւ մարդուն ցավ կպատճառի:
Ահա, հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ է՝ մտածում եմ՝ այս փոքրիկ սիրտը ո՞ւմ նվիրեմ: Այսինքն՝ ո՞ւմ պետք է սրտիս մեջ տեղավոոեմ, որ բոլորից լավը լինի: Ճիշտն ասած՝ ախր, չգիտեմ՝ ինչպես ասեմ…Սիրտս ուզում է՝ այս ամբողջ-ամբողջ, փոքրիկ-փոքրիկ սիրտս՝ մի փոքրիկ, սիրուն տնակի պես, մի այնպիսի մեկին նվիրեմ, որին շա՜տ-շա՜տ եմ սիրում…կամ…չգիտեմ…մեկին, որ շատ լավն է: Մեկին, որ իսկապես արժանի է իմ շատ փոքրիկ եւ մաքուր սրտի մեջ տնակ ունենալու: Ճիշտ եմ ասում, չէ՞։
– Սիրտը հյուրանոց չէ, որ մարդիկ գան, մի երկու-երեք ժամ կամ մի երկու-երեք օր այնտեղ մնան ու հետո գնան, – ասում է հայրիկը, – սիրտը ճնճղուկի բույն չէ, որ գարնանը շինվի, իսկ աշնանը քամին այն իր հետ քշի ու տանի…
ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ինչ է սիրտը, բայց գիտեմ, որ տեղ է շա՜տ-շա՜տ լավ մարդկանց եւ մշտապես…


Դե…Երկար մտածելուց հետո վճռեցի՝ սիրտս նվիրեմ մայրիկիս, ամբողջ սիրտս, ամբողջը նվիրեմ մայրիկիս եւ կատարեցի այդ բանը…
Բայց, ո՜վ զարմանք, երբ նայեցի սրտիս, չնայած մայրիկս հանգիստ տեղավորվել էր նրա մեջ եւ իրեն էլ շատ լավ էր զգում, այդուհանդերձ նկատեցի, որ կեսը դեռեւս դատարկ էր մնացել…
Դե, իհարկե, հենց սկզբից ես պիտի գլխի ընկնեի ու սիրտս երկուսին նվիրեի՝ հայրիկիս ու մայրիկիս: Այդպես էլ վարվեցի:
Հետո, հետո գիտե՞ք՝ ի՞նչ եղավ: Այո, իհարկե, նայեցի ու տեսա՝ սրտիս մի մասում դեռեւս դատարկ տեղ է մնացել…
Անմիջապես վճռեցի սրտիս դատարկ մնացած անկյունը նվիրել մի քանի հոգու: Մի քանի հոգու, ում շատ եմ սիրում:
Մեծ եղբորս, փոքրիկ քրոջս, պապիկին, տատիկին, իմ բարի քեռուն եւ ուրախ բնավորությամբ հորեղբորս էլ տեղավորեցի սրտիս մեջ:
Մտածեցի՝ հիմա արդեն սրտիս մեջ կարգին խճողում է…այսքան մարդ մի՞թե հնարավոր է այսքան փոքրիկ սրտում տեղավորել:
Բայց երբ նայեցի սրտիս, Աստված իմ, Աստված իմ, գիտե՞ք՝ ինչ տեսա:
Տեսա, որ այս բոլոր մարդիկ տեղավորվել են սրտիս ճիշտ կես մասի մեջ, ճիշտ կեսի, թեեւ հանգիստ նստել, ասում, խոսում ու ծիծաղում էին, եւ ոչ մեկը չէր բողոքում տեղի նեղվածքից:
Դե…հետո հերթը…Այո, ճիշտ է, սրտիս մնացածը, այսինքն՝ դատարկ մնացած կեսը ուրախությամբ ու գոհունակությամբ նվիրեցի այն բոլոր լավ մարդկանց, ովքեր ապրում են մեր թաղում, եւ բոլոր այն լավ բարեկամներին, որ ունեմ, եւ բոլոր ընկերներիս եւ բոլոր այն ուսուցիչներէն, ովքեր սիրում են երեխաներին…
Եվ գիտե՞ք, թե ինչ եղավ…
Աստված իմ, այսքան փոքրիկ սիրտը ինչպե՞ս կարող է այսքա՛ն մեծ լինել:
Ճիշտն ասած, խոսքը մեր մեջ, հայրս մի հորեղբայր ունի: Հայրիկիս այս հորեղբայրը շա՜տ, շա՜տ, շա՜տ փող ունի: Ես երբ տեսա՝ բոլոր լավ մարդիկ տեղավորվում են սրտիս մեջ, աշխատեցի հայրիկիս այս հորեղբորն էլ տանեմ սրտիս մեջ եւ մի անկյուն էլ նրան հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ արեցի, չտեղավորվեց…շատ խղճացի…բայց ի՞նչ անեմ, չտեղավորվեց, էլի, իմ մեղքը հո չի, իր մեղքն է: Այսինքն՝ ճիշտն ասած, երբ ինքն էլ դժվարությամբ, մի կերպ տեղավորվում էր սրտիս մեջ, փողերի հսկա սնդուկը դուրս էր մնում, նա էլ հևիհև դուրս էր վազում սրտիցս, որպեսզի վերցնի իր սնդուկը…
Այո…կամաց–կամաց հասկանում էի, թե մի փոքրիկ-փոքրիկ սիրտ որքա՜ն կարող է մեծ լինել: Մի գիշեր, երբ հիշեցի այն մեծ պատերազմի ծանր օրերն ու գիշերները, միանգամից վեր թռա ու ճչացի. «Սրտիս մնացած մասը կնվիրեմ բոլոր նրանց, ովքեր կռվեցին եւ կեղտոտ թշնամուն մեր հողից, մեր երկրից ու մեր տնից դուրս վռնդեցին…»:
…Հիմա այլեւս իմ սիրտը նմանվել էր մի մեծ քաղաքի, դպրոց ուներ, հիվանդանոց ուներ, զորանոց ուներ, փողոց, թաղ, պողոտա ուներ եւ դարձյալ մի աշխարհի չափ դատարկ տեղ ուներ…
Ինքս ինձ ասացի. «Այլեւս բավական է ընտրություն անել, իմ սիրտը պատկանում է աշխարհի բոլոր-բոլոր լավ մարդկանց՝ աշխարհի այս ծայրից մինչեւ մյուս ծայրը…»:
Դուք ինքներդ տեսնում եք՝ հիմա միայն մի շա՜տ-շա՜տ փոքրիկ անկյուն է դատարկ մնացել սրտիս մեջ: Գիտեք՝ այդ տեղը ում համար եմ թողել, այո, ճիշտ է, բոլոր վատ մարդկանց, միայն՝ մի պայմանով, որ հրաժարվեն վատ լինելուց եւ վատ արարքներ կատարելուց. երեխաներին չնեղացնեն, ծովը չկեղտոտեն, կենդանիներին չսպանեն եւ ոչ մեկի նկատմամբ բռնություն չգործադրեն…
Վատ մարդիկ էլ, եթե լավանան, իրավունք ունեն, չէ՞, իմ սրտի մեջ մի փոքրիկ տնակ ունենալու. ..չէ՞։
Կարծում եմ՝ եթե վատ մարդիկ բարիանան ու գան, դարձյալ իմ սրտի մեջ մի փոքրիկ տեղ կմնա…գուցե անտառների համար, սարերի, ձկների, եղնիկների, փղերի…եւ շատ ուրիշ բաների համար…
Իսկապես, զարմանալի է, հայտնի չէ՝ սա սի՞րտ է, թե՞ ծով: Այսքան փոքրիկ սիրտն, ախր, ինչպե՞ս է, որ երբեք չի լցվում:
Դե լավ, դա ինձ չի վերաբերում:
Երբ մեծանամ, գուցե հասկանամ, թե ինչու է այդպես, սակայն հիմա, մինչեւ այն պահը, երբ դեռ սրտիս մեջ տեղ կա, պետք է այդ տեղը նվիրեմ լավ ու բարի մարդկանց։
Սիրտը հենց դրա համար է, ճիշտ չէ՞։

Հաջողության փերու շատրվանը պատմվացք

Լեռան բարձունքին էր հաջողության փերու Շատրվանը , կախարդական պարտեզում՝ շրջափակված բարձր պարիսպով ու պաշտպանված ուժեղ կախարդանքով։Եւ միայն տարին մեկ անգամ՝ ամենաերկար օրը հնարավորություն էր տրվում որեւէ անհաջողակի պայքարել ու հասնել շատրվանին։ Շատրվանում լողացողին տրվում էր հաջողության մի ամբողջ կյանքի պաշար։Նշանակված օրը հարյուրավոր մարդիկ թագավորության տարբեր ծայրերից հավաքվում էին պարտեզի պարիսպի մոտ։ Դեռ լույսը չբացված տղամարդիկ ու կանայք, հարուստներն ու աղքատները, երիտասարդներն ու ծերերը, կախարդական արվեստներին տիրապետողներն ու սովորական մահկանացուները հավաքում էին պարտեզի մոտ, յուրաքանչյուրը հույս ունենալով, որ հենց նա է իրավունք վաստնակելու մտնել պարտեզ։Ու մինչ սպասում էի լույսը բացվելուն երեք կախարդ, յուրաքանչյուրը վշտի իր բեռով, ծանոթացան, ու պատմեցին իրենց տառապանքի պատմությունը։Առաջին կինը, Էյշա անունով, անբուժելի հիվանդություն ուներ։ Նա հույս ուներ, որ շատրվանը կվերացնի հիվանդությունը ու կերաշխավորի իրեն երկար տարիների երջանիկ կյանք։Երկրորդին՝ Ալթիդային, թալանել էր չար կախարդը, նրանից վերցնելով տունը, ոսկին ու կախարդական փայտիկը։ Նա հույս ուներ, որ շատրվանը կվերադարձնի իրեն իր հարստությունները։Երրորդին, Ամատային սիրած տղան էր լքել, ու նա հույս ուներ, որ շատրվանը կբուժի իր սրտի վերքերը։Խղճացին կանայք իրար ու որոշեցին, որ եթե հնարավորություն լինի, կմիավորվեն ու կփորձեն երեքով հասնել շատրվանին։Արեւի առաջին շողի հետ պարսպի վրա ճեղքեր հայտնվեցին։ Ամբոխը մղվեց դեպի պարիսպը, յուրաքանչյուրը ճչալով Շատրվանից օրհնություն ստանալու իր պատճառը։Ճեղքից դուրս եկած սողացող բույսերը փաթաթվեցին առաջին կախարդ Էյշային ու ձգեցին նրան ներս։ Նա բռնեց երկրորդ կախարդ Ալթիդայի դաստակից, Ալթիդան էլ բռնեց Ամատային, վերջինիս զգեստի ծայրն էլ կպավ ընկճված տեսքով սպետին, ով նստած էր ոսկրոտ ձիու վրա, ու բույսերը քաշեցին այս բոլորին ճեղքից ներս։Կատաղի ճիչերը լցրեցին առավոտյան օդը, հետո լռություն տիրեց, ու պարիսպի ճեղքը փակվեց։

Էյշան եւ Ալթիդան բարկացան Ամատայի վրա, որ պատահաբար իր հետ էր բերել ասպետին։― Միայն մեկը կարող է լողանալ Շատրվանի մեջ։ Առանց այս մեկին հաշվի առնելու էլ բավականին բարդ կլինի որոշել, թե մեզանից որ մեկը կլինի դա։Հիմա, պարոն Դժբախտը, այսպես էր հայտնի ասպետը պարտեզից դուրս, հասկացավ, որ կանայք կախարդներ են, ու կախարդություն չիմանալով հույս չուներ հաղթել երեք կանանց ու հասնել Շատրվանին։ Այպիսով նա հայտնեց, որ մտադիր է դուրս գալ պարտեզից։Այդ ժամանակ Ամատան էլ բարկացավ․― Թուլամորթ, ― մեղադրեց նրան, ― հանի՛ր սուրդ,եւ օգնի՛ր մեզ հասնել նպատակին։Այսպիսով երեք կախարդները ու դժբախտ ասպետը առաջ շարժվեցին կախարդված պարտեզում, որտեղ առատորեն աճում էին հազվադեպ խոտաբույսեր, մրգեր, ծաղիկներ։ Նրանք չհանդիպեցին որեւէ խոչընդոտ, մինչեւ Շատրվանի բլին հասնելը։Բլրի ստորոտին, հրեշավոր Որդ էր նստած՝ տռզած ու կույր։ Երբ նրանք մոտեցան, Որդը շրջեց իր կեղտոտ երեսը նրանց կողմ ու արտասանեց։«Տվեք ինձ ձեր ցավի ապացույցը»Պարոն Դժբախտը փայլեցրեց իր սուրը ու ուզեց սպանել Որդին, բայց դրա շեղբը ճաքեց։ Հետո Ալթիդան քարեր էր նետում Որդի վրա, իսկ Էյշան ու Ամատան փորձեցին բոլոր բառերը, որ կարող էր մեղմել, կամ մուտք դառնալ իրենց համար, բայց թե նենց կախարդական փայտիկները, թե Ալթիդայի քարերը եւ թե ասպետի ճաք տված սուրը անզոր էին․ Որդը թույլ չէր տալու առաջ շարժվել։Արդեն կեսօրին մոտ էր ու Էյշան անհուսությունից սկսեց լալ։ Որդը խմեց նրա այտերով հոսող արցունքները։ Ոլորվելով մտավ իր բունը՝ հողի մեջ, ու ճանապարհը կրկին բացվեց նրանց առաջ։Ուրախանալով Որդի անհետացումից, երեք կախարդներն ու ասպետը սկսեցին բարձրանալ բլուրը, վստահ լինելով, որ մինչ մութն ընկնելը կհասնեն Շատրվանին։Լանջի վրա՝ կես ճանապարհին, նրանց առաջ բացվեցին գետնին փորագրված բառերը։«Տվե՛ք ձեր աշխատանքի պտուղը»Պարոն Դժբախտը հանեց իր միակ դրամը ու դրեց խոտին, բայց այն գլորվեց մի կողմ ու կորավ։ Երեք կախարդն ու ասպետը շարունակեցին բարձրանալ, բայց ուր էլ նրանք գնային, ժամանակը անցնում էր, բայց առաջընթաց չէր լինում ու փորագրածն էլ միշտ դուրս էր գալիս դիմացները։Արեւը արդեն մոտենում էր հորիզոնին, ու Ալթիդան սկսեց ավելի արագ քայլել ու շատ ավելի շատ ջանք դնել բարձրանալու համար, քան մյուսները։― Խիզախություն, ընկերներ, ու տեղի չտալ, ― սրբելով ճակատի քրտինքը ասաց Ալթիդան։Քրտինքը կաթաց գետնին, գրությունը անհետացավ ու նրանք կարողացան առաջ շարժվել։Երկրորդ խոչընդոտի հաղթահարումով ոգեւորված, նրանք շտապեցին վերեւ բարձրանալ։ Այնքան բարձրացան, մինչեւ երեւաց բյուրեղի նման փայլփլող Շատրվանը։Բայց մինչ Շատրվանին հասնելը, նրանք հասան ջրի շիթի, որը փակում էր նրանց ճանապարհը։ Ջուրը մաքուր էր, ու հատակին՝ հարթեցրած քարի էր, վրան գրված․«Տվեք ձեր անցյալի հարստությունը»Պարոն Դժբախտը փորձեց անցնել հոսանքի միջով պաշտպանվելով իր վահանով, բայց այն չօգնեց։ Երեք կախարդները հանեցին նրան ջրի միջից, ու փորձեցին իրենք անցնել, բայց չստացվեց, իսկ այդ ժամանակ արեւն արդեն մայր էր մտնում։Նրանք սկսեցին մտածել, թե ինչ կարող է նշանակել քարի վրա գրվածը ու Ամատան առաջինն էր, ով հասկացավ։ Վերցնելով իր կախարդական փայտիկը նա հանեց սիրած տղայի հետ կապված բոլոր հիշողությունները ու տվեց ջրին։ Ջրի շիթը հեռացավ, քարերը անհետացան, ու երեք կախարդներն ու ասպետը կարողացան բարձրանալ բլրի գագաթ։Շատրվանը առկայծեց նրանց առաջ, նրանք տեսան ավելի հազվադեպ ծաղիկներ ու բույսեր։ Երկինքը կարմրել էր, ու ժամանակն էր որոշել, թե իրենցից ով պետք է լողանա Շատրվանում։Մինչ նրանք կկայացնեին որոշումը, Էյշան ուժասպառ ընկավ գետնին։ Նա մահամերձ էր։Նրա ընկերները փորձեցին նրան տեղափոխել Շատրվանի մեջ, բայց նա հոգեվարքի մեջ էր, ու արգելեց նրանց դիպչել իրեն։Ալթիդան հավաքեց բուժիչ խոտաբույսեր, պատրաստեց դրանք ու տվեց Էյշային։ Հանկարծ Էյշան կարողացավ կանգնել, նույնիսկ ավելին՝ նրա անբուժելի հիվանդության բոլոր նշանները վերացան։― Ես բուժվեցի, ― հուվեց նա, ― ես Շատրվանի կարիքը չունեմ, ― թող Ալթիդան լողանա։Բայց Ալթիդան զբաղված էր այլ խոտաբույսեր հավաքելով։― Եթե ես կարողացա այդ հիվանդությունը բուժել, ապա ես կկարողանամ գումար վաստակել մարդկանց բուժելով։ Թող Ամատան լողանա։Պարոն Դժբախտը ձեռքի շարժումով առաջ թողեց Ամատային՝ դեպի Շատրվան։ Բայց նա թափ տվեց գլուխը։ Ջրի հոսքը մաքրել էր նրա ողջ ձգտումն ու ցավը, ու նա հասկացել էր, որ դաժան էր տղան ու իքնը պիտի երջանիկ լինի, որ նրա հետ չէ։― Բարի մարդ, դուք պիտի լողանաք, ձեր ասպետական վարմունքի համար, ― դիմեց նա պարոն Դժբախտին։Այսպիսով, մայր մտնող արեւի շողերի ներքո ասպետը լողացավ Շատրվանի մեջ։Արեւը վերջին շողերը անհետացան, ու ասպետը դուրս եկավ Շատրվանից, ծնկի իջավ Ամատայի առջեւ, ով իր կյանքում տեսած ամենաբարի ու ամենագեղեցիկ կինն էր։ Երջանկյությամբ լի նա խնդրեց Ամատայի ձեռքը, ու Ամատան էլ հասկացավ, որ գտավ արժանավոր տղամարդ։Երեք կախարդն ու ասպետը իջան բլրից միասին, ձեռք ձեռքի տված, եւ բոլոր չորսն էլ ապրեցին երկար ու երջանիկ, ու նրանցից ոչ մեկ երբեւէ չիմացավ, ու չենթադրեց անգամ, որ Շատրվանի ջուրը կախարդական չէր։

Հեքիաթ երեք եղբոր մասին

Մի անգամ երեք եղբայրներ ճանապարհորդում էին։ Քայլում էին մթնշաղին երկար ու ծուռումուռ ճանապարհով։ Ու հասան նրանք գետի, որը խորն էր այնքան, որ քայլքով չես անցնի, ու արագահոս այնքան, որ չես լողա։Բայց եղբայրները կախարդության արվեստի գիտակ էին։ Թափահարեցին կախարդական փայտիկները, ու կամուրջ հայտնվեց գետի վրա։Երբ գետի կեսը անցել էին, թիկնոցի մեջ փաթաթվածը կտրեց նրանց ճանապարհը։ Ու Մահը խոսեց եղբայրների հետ։ Ճամփորդները միշտ խեղդվում էին գետում, Մահը վրդովված էր, որ չէր ստացել նոր զոհեր, բայց խորամանկեց․ ցույց տվեց, թե հիանում է նրանց հնարամտությամբ, ու ասաց, որ ի նշան իր հիացմունքի՝ եղբայրներից յուրաքանչյուրը պիտի ընդունի մի ընծա իրենից։Ավագ եղբայրը ռազմատենչ էր։ Նա խնդրեց աշխարհի ամենահզոր կախարդական փայտիկը․ փայտիկ, որի տերը կհաղթի ցանկացած մենամարտում, փայտիկ, որը արժանի է մարդուն, ով հաղթել է Մահվանը։Ու Մահը պոկեց թանթրվենու ճյուղը, որ աճում էր գետի ափին, սարքեց կախարդական փայտիկ, ու տվեց ավագ եղբորը։Միջնեկ եղբայրը գոռոզ էր։ Որպեսզի էլ ավելի ստորացնի Մահվանը, նա խնդրեց մեռածներին վերակենդանացնելու ուժ։ Ու Մահը վերցրեց գետի մոտ ընկած քարը, տվեց միջնեկ եղբորն ու ասաց, որ այն կարող է մեռածներին հետ բերել։Հետո, Մահը հարցրեց երրորդ՝ փոքր եղբորը, ինչ նա կուզեր։ Փոքրը ամենաիմաստունն էր եղբայրների մեջ, նա չէր վստահում Մահվանը։ Այդ պատճառով, նա խնդրեց մի այնպիսի ընծա, որը հագնելով, նա կկարողանա տեղաշարժվել այնպես, որ Մահը չկարողանա հետեւել իրեն։ Մահը այլ ելք չուներ, ստիպված պոկեց սեփական անտեսանելի թիկնոցի մի մասը, ու տվեց փոքրին։Դրանից հետո, Մահը մի կողմ կանգնեց, ու թույլ տվեց եղբայրներին շարունակել իրենց ճանապարհը, նրանք գնացին, խոսելով իրենց հետ պատահած արկածի մասին, ու հիանալով Մահվան ընծաներով։Հետո եղբայրները բաժանվեցին, ու յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով։Առաջին եղբայրը մոտ մի շաբաթ ճամփորդելուց հետո հասավ մի գյուղի, որտեղ ապրում էր երիտասարդ կախարդը, ում հետ նա վիճել էր։ Բնականաբար, թանթրվենու կախարդական փայտիկով նա չէր կարող պարտվել մենամարտում, որը հետեւեց նրանց հանդիպմանը։ Մեռած կախարդին թողնելով գետնին, նա գնաց հյուրանոց, ու սկսեց գլուխ գովել անհաղթ փայտիկի համար, որը ինքը ճանկել է Մահից։Նույն գիշերը, հենց ավագ եղբայրը խմիչքից անզգայացած քնեց, մի այլ կախարդ կտրեց նրա կոկորդը ու գողացավ փայտիկը։ Այսպես Մահը տարավ առաջին եղբորը։Միջնեկ եղբայրը վերադարձավ տուն, որտեղ մենակ էր ապրում։ Հանեց քարը, որը մեռածներին վերականդանացնում է, ու երեք անգամ պտտեց ձեռքում․ նրա առջեւ հայտնվեց աղջիկը, ում հետ ուզում էր ամուսնանալ, բայց ով մահացել էր անժամանակ։ Աղջիկը տխուր էր ու սառը, մի տեսակ, մեկուսի։ Չնայած նա վերադարձել էր կյանք, բայց նա չէր պատկանում այդ աշխարհին ու տանջվում էր։ Վերջիվերջո, երկրորդ եղբայրը անհուսությունից խելագարված՝ ինքնասպան եղավ, որպեսզի կարողանա աղջկա հետ լինել։Այսպես Մահը տարավ երկրորդ եղբորը։Չնայած Մահը երրորդ եղբորը փնտրում էր տարիներով, այդպես էլ չկարողացավ գտնել նրան։ Ու միայն երբ նա բավականին ծերացել էր, փոքր եղբայրը հանեց անտեսանելի թիկնոցը ու փոխանցեց այն իր որդուն։ Հետո ողջունեց Մահվանը ասես հին ընկերոջ, ու գնաց նրա հետ ուրախությամբ։Ու նրանք, ինչպես հավասարը հավասարի, լքեցինաշխարհնայս։

Arak-gorteri-masin-1132x670

Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին՝ շաքարեղեգի և որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերևում` ամառային կապույտ երկինքն է, և այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են` կըռ, կըռ: Բայց իրականում գորտերի միջև կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում: Գորտերից մեկը շաքարեղեգի տերևներից մեկի վրա տեղավորված և իրեն համալսարանական պրոֆեսոր երևակայելով՝ հայտարարեց.
— Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը: Այն բանի համար, որ մենք` գորտերս, կարողանանք լողալ: Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները: Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել:
— Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը: Լճակի ողջ մակերեսը, որում արտացոլվում էին երկինքը, խոտը և ծառերը, համարյա ամբողջովին լցված էր գորտերով, և այդ պատճառով նրանց հավանության բացականչությունները բավական ազդեցիկ էին հնչում:
Այդ պահին զարթնեց ուռենու բնի մոտ քնած օձը, ում արթնացրել էր տաղտկալի կռկռոցը: Գլուխը բարձրացնելով, նա նայեց լճակի կողմը և քնատ թուքը կլլեց:
— Ինչի՞ համար գոյություն ունի երկիրը: Այն բանի համար, որ նրա վրա աճեն ծառերն ու խոտը: Որպեսզի ստվեր ստեղծեն մեզ համար՝ գորտերիս: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկիրը գոյություն ունի մեզ համար` գորտերիս:
— Ճիշտ է, ճիշտ է:
Երկրորդ անգամ լսելով հավանության բացականչությունները, օձը մտրակի պես պրկվեց: Նա անաղմուկ սողաց դեպի շաքարեղեգը, և սև աչքերը փայփլացնելով՝ սկսեց ուշադիր զննել, թե ինչ է տեղի ունենում լճակում:Շաքարեղեգի տերևի վրա բազմած գորտը, առաջվա պես իր վիթխարի բերանը լայն բաց արած, հռետորություն էր անում.
— Ինչի՞ համար գոյություն ունի երկինքը: Այն բանի համար, որ նրանից կախված լինի արևը: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկինքը գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, և ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, անհերքելի է այն փաստը, որ ողջ տիեզերքը գոյություն ունի մեզ համար: Բացատրելով ձեզ այդ փաստը, ես դրա հետ մեկտեղ՝ կկամենայի շնորհակալ լինել Ամենազորին այն բանի համար, որ տիեզերքը նա ստեղծել է մեզ համար` գորտերիս:
Հայացքը երկինք ուղղելով և մոլեգին աչքերը պտտեցնելով, գորտը դարձյալ լայն բաց արեց իր վիթխարի բերանն ու ազդարարեց.
— Թող սուրբ լինի անունը քո, տեր…
Չհասցրեց նա ավարտել, երբ առ նա սուրաց օձի գլուխը, և պերճախոս գորտը հայտնվեց օձի երախում:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Սարսափելի է, կըռ, կըռ:
Մինչ լճակի ցնցված բնակիչները ճչում էին, օձը հանգիստ կուլ տվեց գորտին և թաքնվեց շաքարեղեգի մացառուտներում: Այդժամ մի այնպիսի իրարանցում սկսվեց, որ դեռևս երկրի երեսին չէր տեսնվել, համենայն դեպս, այն ժամանակվանից, ինչ գոյություն ուներ այս լճակը: Ես ինքս լսեցի, թե ինչպես մի գորտ արտասվաթոր հարցնում էր.
— Եվ ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Իսկ օձն ինչպե՞ս: Օ՞ձն էլ մեզ համար գոյություն ունի:
— Միանգամայն ճիշտ է: Օձն էլ գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս, թե չէ մենք անսահմանորեն կբազմանայինք: Իսկ եթե մենք այդքան բազմանանք, ապա նեղվածք կլիներ լճակում` մեր աշխարհում: Ահա թե ինչու են սողում օձերը, որպեսզի ուտեն մեզ՝ գորտերիս: Պետք է ելնել այն բանից, որ կերված գորտը զոհ է՝ մեծամասնության երջանկության համար մատուցված: Դու լիովին ճիշտ ես: Օձերն էլ գոյություն ունեն մեզ համար` գորտերիս: Ամեն բան աշխարհում, ամենայն ինչ առանց բացառության, գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Թող սուրբ լինի անունը քո, Տեր:
Դա իմ լսած պատասխանն էր տարեց մի գորտից: